«Երկուշաբթի օրը մենք կորոշենք, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետը». Էդ. Շարմազանով

շարմազարովՀայաստանի նոր վարչապետի անունը հայտնի կլինի երկուշաբթի` ապրիլի 14-ին: Ապրիլի 10-ի երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադարձ է եղել ներքաղաքական խնդիրներին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ գործադիրի նիստի ընթացքում Հանրապետության նախագահը ներկայացրել է երեք կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի հետ անցկացված կոնսուլտացիաների ընթացքը: ՙՙԵրկուշաբթի օրը տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, իսկ այնուհետև խորհրդի նիստ, որտեղ էլ մենք կորոշենք, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետը՚՚,-նշեց ՀՀԿ խոսնակը:

Նրա խոսքով, քանի դեռ կուսակցությունը պաշտոնապես որևէ որոշում չի կայացրել, կոռեկտ չի համարում նշել, թե ում թեկնածությունն է քննարկվել կամ ում անուններն են քննարկվում: Ըստ Էդուարդ Շարմազանովի, գործադիր մարմնի նիստին մասնակցել է արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՙՙԹե ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն նեկայացրել են նախագահի հետ կոնսուլտացիաների վերաբերյալ իրենց կարծիքները, ավելացնելու բան չունեմ՚՚,-ասաց Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ մինչև երկուշաբթի այդ երեք կուսակցությունների ղեկավարների հետ կլինեն հանդիպումներ, և երկուշաբթի երեկոյան կներկայացվի վերջնական որոշումը:

Ինչ վերաբերում է հարցին, թե վարչապետի պաշտոնի համար ավելի շատ շրջանառվում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, Էդուարդ Շարմազանով ասաց, որ շրջանառվող լուրերին մեկնաբանություններ չի տա` կրկնելով, որ քանի դեռ չկա կուսակցության վերջնական որոշում, ինքը զերծ կմնա կարծիք հայտնելուց: ՙՙՆախորդ անգամ ի պատասխան հարցի` արդյոք քննարկվել է կուսակցական պատկանելությունը կամ անուն ազգանուն, ասել եմ, որ ոչ անուն ազգանուն, ոչ կուսակցական պատկանելություն չի քննարկվել, և քանի դեռ չկա, կուսակացական քննարկումները չեն ավարտվել, չկա վերջնական որոշում, փակագծերը չեմ բացի՚՚:

Հարցին, եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետի պաշտոնում, ո՞վ կլինի Խորհրդարանի նախագահը, ՀՀԿ խոսնակն ասաց. ՙՙԵթե-ներով հարցին չեմ պատասխանի, Կիկոսի մահի վարկածներով չեմ առաջնորդվի, գուշակություններով երբեք հայտնի չեմ եղել՚՚:

Անկախ

 

 

Tags: , , ,