ՀՅԴ օրակարգում ոչ իշխանական կուսակցությունների ղեկավարների հանդիպում չի եղել, այդ պատճառով չեն մասնակցել այսօր՝ ապրիլի 10-ի երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Այս փուլում նման հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ-ի օրակարգում չկա: Քառյակի բոլոր քննարկումների ժամանակ ՀՅԴ-ն արտահայտել է իր ամբողջական տեսակետը: Մեզ համար քաղաքական թիմի եւ ղեկավարի մոտեցումները չեն տարբերակվում»,-ասել է Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ տեղյակ են եղել, որ այսօր հնարավոր է երեք կուսակցությունների ղեկավարները հանդիպեն:
Ավելի վաղԱնկախը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 10-ին, կայացել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: ՀՅԴ-ից հանդիպմանը ոչ ոք չի մասնակցել:
Կուսակցությունների առաջնորդներին ուղեկցել են երկուական ներկայացուցիչներ: Ըստ այդմ, Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցել են Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Լեւոն Զուրաբյանն ու Ստեփան Դեմիրճյանը, իսկ Գագիկ Ծառուկյանին՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:
ԲՀԿ մամուլի քարտուղար Իվերտա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել «մասնավոր տարածքում»:
Tags: Աղվան Վարդանյան, Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան