Այսօր Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից կալանավորների ազատագրման միջազգային օրն է:
Համակենտրոնացման ճամբարներն այն վայրերն են, ուր տեղավորում են քաղաքական, կրոնական, սոցիալական ռասայական ու այլ հատկանիշներով կալանավորների: Դրանք լայն տարածում ստացան Երկրորդ աշխարհամարտի տարիներին ու տեղակայված էին ֆաշիստական Գերմանիայում ու նրա օկուպացրած տարածքներում:
1933-ի մարտի 22-ին Դահաուում սկսեց գործել առաջին համակենտրոնացման ճամբարը նացիստական Գերմանիայում, իսկ հետագա տարիներին ֆաշիստները ստեղծեցին այդ ճամբարների հսկայական ցանց` դրանք վերածելով միլիոնավոր մարդկանց սիստեմատիկ սպանություների վայրի:
Գերմանիայի օկուպացրած տարածքներում գործում էր նման 14 հազար ճամբար: Էսէսականների խոսքով, կալանավորը, որի ճամբարում մեկ տարուց էլ քիչ էր ապրում, նացիստներին գրեթե մեկուկես հազար ռեյխսմարկ մաքուր եկամուտ էր բերում:
Երկրորդ համաշխարհայինի ժամանակ մահվան ճամբարներով անցավ 18 մլն մարդ,.նրանցից 5մլն-ը` Սովետական Միությունից:
1945-ի ապրիլի 11-ին Բուխենվալդի կալանավորները ինտերնացիոնալ ապստամբություն բարձրացրին հիտլերականների դեմ ու ազատվեցին:
Այդ մարդկանց կենսագրությունն արիության դասեր են նոր սերնդի համար: Այսօր, աշխարհի շատ երկրներում տարբեր միջոցառումներ են անցկացվում, հանդիպումներ են տեղի ունենում նախկին կալանավորների հետ, հիշատակում են զոհվածներին:
Tags: համակենտրոնացման ճամբարներ
