Իջևանում նախնական բուժզննումից հետո ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկակակ կենտրոն:
Բժշկական ստուգումից հետո Արսենի մոտ առողջական լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել: <<Ամեն ինչից էլ անալիզ են վերցրել, որ տեսնեն` հո լուրջ խնդիրներ չկան, միայն թե ինձ թվում ա՝ Արսենի աչքերը կարմրած են, դե սոված-ծարավ թշնամու մոտ ա եղել, դրանից կլինի, էլի>>,-Անկախ-ին պատմեց Արսենի մայրը:
Տիկին Սվետլանան և Արսեն Խոջոյանի հորեղբորորդին` Արմենը, գիշերել են Արսենի մոտ` Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում: Բժիշկ Գագիկ Մանուկյանը լրագրողներին հայտնել է, որ Արսենի մարմնի վրա կապտուկներ, խոշտանգման երևույթներ չկան, գիտակցությունը պարզ է: Իսկ Արսենը պատմել է, թե ինչպես է հայտնվել սահմանից այն կողմ:
Մայրը վերահաստատեց. <<Պատճառը մառախուղն էր, էլի, անասունները կորցրել ա, գնացել-խորացել, հետո որ մարդ ա տեսել, հարցրել, կիսահայերեն, կիասառուսերեն, գլխի են ընկել, որ հայ ա, որ չխոսար, երևի գերի չընկներ>>:
Նա իր հետ գյուղից Երևան է բերել Արսենի ու նրա եղբայրների զինծառայության ընթացքում ստացած պատվոգրերը: <<Ասեցի` կարող ա պետք լինի, էլի, թող տեսեն, որ իմ էրեխեքը հայրենիքի պաշտպանության գործի մասնակիցն են եղել>>,-նշում է տիկին Սվետլանան:
Արսենի պատմելով` Ադրբեջանում իրեն առանձին մեկուսարանում են պահել, չեն ծեծել, ինքը սննդից հրաժարվել է` մտածելով, որ կարող է թունավորեն: <<Թովուզի շրջանում եմ մոլորվել, հետո տարել են Բաքու, մի հինգ ժամ ճանապարհ ենք գնացել, մինչև հասել ենք Բաքու>>,-հիշում է Արսենը:
Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը հիվանդանոցից դուրս կգրվի մի քանի օրից:
Tags: ադրբեջան, Արսեն Խոջոյան, Գերիներ
