Խորհրդակցություն՝ ցրտահարությունից տուժած համայնքներին աջակցելու վերաբերյալ

11.04.2014Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է  մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ մարզերում տեղի ունեցած ցրտահարությունից տուժած համայնքների վնասը փոխհատուցելու մասին ՀՀ կառավարության որոշման իրականացման հարցը:

Ներկայացնելով որոշմամբ սահմանված միջոցառումները, օգնության ձևերն ու դրանց հատկացման կարգը, նախարարի պաշտոնակատարն առաջնահերթ է համարել սերմերով ապահովվածության գործընթացի արագացումը:

Հանձնարարվել է շուտափույթ ավարտել սերմերի գների հնարավոր իջեցման մասին պայմանավորվածությունները ներկրողների հետ, հստակեցնել սերմերի պահանջարկի վերջնական ծավալներն ու ապահովել դրանց ձեռքբերման աշխատանքները:

  1. Նշված բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ապրիլի 15-ը, երբ պարտադիր պետք է սկսվի բաշխման գործընթացը:
  2. Բաշխման գործընթացին ակտիվորեն ներգրավել ԳԱՄԿ-երի աշխատակիցներին:
  3. Գյուղացիական տնտեսություններին անհապաղ տեղեկացնել, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ գարնանացան գարու սերմացուի գինը 200 դրամից իջեցվել է 130 դրամի:
  4. Ապահովել բաշխման գործընթացի թափանցիկությունը լրատվամիջոցների և շահառուների համար:

Օրակարգային երկրորդ հարցը կարտոֆիլի և լոլիկի ցեցի դեմ օգտագործվող ֆերոմոնային թակարդների ձեռքբերման և բաշխման, ինչպես նաև խաղողի ֆիլոքսերայի դեմ տարվող պայքարի միջոցառումների իրականացման մասին էր: Նշված աշխատանքների արագացման համար, նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ տվեց պատասխանատուներին և ծառայությունների ղեկավարներին:

Անկախ

Tags: