Թուրքիայի արձագանքը ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևին

senat   Երեկ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 12 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը մեծ դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անմիջապես կապվել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ քննարկելով տեղի ունեցածը: Թուրքական մամուլը ևս լայնորեն անդրադարձել է այս կարևոր որոշմանը՝ ներկայացնելով այս գործընթացի կուլիսային որոշ մանրամասներ: Մասնավորապես նշվում է, որ Սպիտակ տան խոսնակ Միք Համերը նախապես խոսել է Հիլարի Քլինթոնի և Հովարդ Բերմանի հետ՝ նրանց զգուշացնելով, որ բանաձևի ընդունումը վնաս է հասցնելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Բանաձևի ընդունումից հաշված ժամեր առաջ Անկարան ջանացել է միջամտել ընթացքին: Մասնավորապես, նախագահ Աբդուլահ Գյուլը զանգահարել և զրուցել է նախագահ Բարաք Օբամայի հետ:

Չնայած Թուրքիայի գործադրած բոլոր ջանքերիn, այնուհանդերձ բանաձևը ընդունվել է, որից հետո հրապարակվել է թուրքական կառավարության քննադատող հայտարարությունը: «Մենք դատապարտում ենք այս բանաձևը, որը թուրք ազգին մեղադրում է չգործած հանցանքի մեջ: Վաշինգտոնում մեր դեսպան Նամըք Թանn  այս զարգացումների շրջանակում երեկոյան կանչվել է Անկարա խորհրդակցության համար»,-ասվել է հայտարարության մեջ և նշվել, որ Թուրքիան վշտացած է ընդունված որոշման պատճառով: Իր հերթին նախագահ Գյուլը հայտարարել է, որ Սենատի ընդունած որոշումը անհասկանալի է համարում և այն ափսոսանքով ընդունում: «Որոշումը անարգանք է թուրք ժողովրդի նկատմամբ: Թուրքիան պատասխանատու չէ այն բացասական հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ այս քվեարկության արդյունքում»,-նշել է Գյուլը: Թուրք պաշտոնաթող դեսպան, դիվանագետ Իլթեր Թյուրքմենը, մեկնաբանելով ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը, նշել է. «Հիմնական պայքարը կընթանա գլխավոր խորհրդում: Պետք է թույլ չտալ, որ բանաձևը հասնի գլխավոր խորհուրդ»:

Թուրքական մամուլի ուշադրությունն է գրավել նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հրեա դեմոկրատ անդամ Հովարդ Բերմանի անձը, որը նպաստել է բանաձևի ընդունմանը: Բերմանը հանձնաժողովի անդամ է ընտրվել Կալիֆոռնիա նահանգից, որտեղ հայկական լոբբին բավական ուժեղ է: Հայտնի է, որ Բերմանը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններով՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել իր պատմությանը:

 

 

 

Tags: , ,