Մայիսի 12-ին ՀՀ տարածքում տեղացած ուժեղ կարկուտը աննկարագրելի վնաս հասցրեց գյուղատնտեսությանը: Հակակարկտային կայանների աշխատանքը բնավ չզգացվեց, ուստի առաջացավ պարզաբանման կարիք: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում իրավիճակը փոձեցին պարզաբանել ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը և «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը: Պարզվում է` «նախարարության համակարգած հակակարկտային կայանները գործել են անխափան»:
«Չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 հազար հեկտար տարածքից 13 հազարը: Մեկ կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք: Կայանները ավտոմատացված են, և դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազար կրակոց է արձակվել մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետեւանքներից: Այժմ աշխատանքներ են տարվում հանրապետության տարածքում գտնվող բոլոր հակակարկտային կայանները, որոնք տեղադրվել են անհատ ձեռներեցների եւ գյուղապետերի կողմից, վերցնել մեր վերահսկողության տակ, որպեսզի դրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Նման կայանների գործարկման եւ սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա պետությունը: Նախատեսվում է ապագայում ևս 1200 հակակարկտային եւ նոր ռադիոլոկացիոն կայաններ տեղադրել Հայաստանի տարածքում: Ներկայումս Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ». – ասաց Հովսեփյանը:
Tags: ԱԻՆ
