Գյումրին վերածնվեց 6-րդ անգամ

գյումրիԳյումրիում կայացավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը: Այն այս անգամ նվիրված է Արմեն Տիգրանյանի 135, Սերգեյ Ռախմանինովի 140 և Արցախյան գոյամարտի 20 ամյակներին: Փառատոնի կազմկոմիտեն ստացել է մասնակցության մոտ 3000 հայտ՝ աշխարհի 33 երկրներից: Մրցույթն անցկացվելու է 14 անվանակարգերում՝ 5 տարիքային խմբերով: Բոլոր անվանակարգերում 14 հաղթողները կարժանանան Մեծ մրցանակի և 1000 ԱՄՆ դոլար պարգևավճարի, իսկ 48 ենթաանվանակարգերում հաղթողները կստանան 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի մեդալներ, դիպլոմներ, «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչում:
26 045Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին կազմակերպիչ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը, մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը, Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետը: Միջոցառմանն իր ամենամյա օրհնությունն էր հղել նաև Ամենայն Հայոց Կաթողկիոս Գարեգին Բ-ն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը. «Տարեցտարի հասունանալով, ձեռք բերելով միջազգային ճանաչում և հեղինակություն, «Վերածնունդ» փառատոնը դարձել է շնորհաշատ անունների հայտնաբերման, երիտասարդ երաժիշտ-կատարողների վարպետության բարձրացման դպրոց, և անշուշտ, անուրանալի ավանդ ունի հանրապետությունում դասական երաժշտական արվեստի մասսայականացման ու զարգացման գործում»:
Շիրակի մարզպետի հատուկ որոշմամբ՝ ՀՀ-ում կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում ծավալած ազգօգուտ և բեղմնավոր գործունեության համար Շիրակի մարզպետարանի հուշամեդալով պարգևատրվեցին Լևոն Սարգսյանն ու Գաբրիել Ջամբարջին: «Այս երկու անհատականությունների շնորհիվ է, որ «Վերածնունդ» փառատոնն ամեն տարի անցկացվում է Գյումրիում: Ես կուզենամ, որ այս պարգևատրումն այլ կերպ չհաստակացվի և միշտ Գյումրիում անցկացվի», – պարգևատրումից հետո նշեց Ֆ.Ցոլակյանը:
Խոսելով փառատոնի մասին՝ Լևոն Սարգսյանը նշեց. «Փառատոնի գրանցած հիմնական հաջողությունը մասնակիցների թվի անընդհատ աճն է»: Իսկ հարցին, թե արդյո՞ք միջոցները չեն բավարարում, որ քաղաքային բյուջեից ֆինանսական աջակցություն է տրամադրվել, նախագահի եղբայրը շարունակեց. «Անկեղծ ասած, ես էս հարցին սպասում էի: Ես անձամբ չեմ դիմել քաղաքապետին գումարային խնդրանքով, դիմել է «Փյունիկ» հիմնադրամը: Բացի դրանից, ամբողջ աշխարհում ընդունված պարկտիկա է. փառատոնը դա քաղաքինն է, քաղաքն էլ պիտի իր մասնակցությունն ունենա: Դուք հարցրեք քաղաքապետին, մարդկանց, անցած տարի եկան, շնորհակալություն էին հայտնում, նույնիսկ կրպակ ունեցողներն ասում էին ամբողջ տարին այդքան առևտուր չեն անում, ինչքան մեր փառատոնի օրերին: Այսինքն, դա նշանակում է, քաղաքին հարկ է գնում, չէ՞: Իսկ փառատոնը քաղաքինն է, քաղաքն էլ իր մասնակցությունը պիտի ունենա: Չգիտեմ ինչու ամեն տարի մասնակցություն չէին ունենում, այս տարի ունեն, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այս տարի քաղաքային իշխանություններն իրենք են ցանկություն հայտնել մասնակցելու, դրա համար էլ մենք օրինականացրել ենք: Այս տարի 100-120 մլն դրամ է կազմում փառատոնի բյուջեն»:
Փառատոնի բացմանը ելույթներով հանդես եկան  Զուրապ Սոտկիլավան, Յուրի Մարգուլիսը և այլք: Վերջում հավելենք, որ փառատոնի մրցույթները մեկնարկել են ապրիլի 10-ից:

Tags: ,