Իրանում բուժում ստանալն արտասահմանցիների համար կհեշտանա

Iran medic.Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստեղծելու է արտոնագրային հատուկ ռեժիմ օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր կժամանեն Իրան բուժման նպատակներով: Սպասվում է, որ այս նոր կարգը կգործի 1,5 ամսից:

Մուտքի արտոնագիրը կտրվի ավելի արագ և ավելի երկար ժամկետով, իսկ արժեքը զգալիորեն կնվազի:

Այս նոր ծրագրի իրագործման համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում են ներքին և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Իրանի տուրիստական կազմակերպության անդամներ:

Հանձաժողովի գերխնդիրն է, ինչպես տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը, լուծել ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները:

Նշենք, որ յուրաքանչյուր տարի բուժում ստանալու համար Իրան է գալիս  80 հազար մարդ: Նրանք հիմնականում  Իրաքի, Աֆղանստանի,  Ադրբեջանի և Պարսից ծոցի երկրների քաղաքացիներ են:

Իրանն ունի բժշկական զարգացած ենթակառուցվածքներ և բարձր որակավորում ունեցող բժշկական անձնակազմ: Իրանում բժշկական ծառայությունների գները մի քանի անգամ ցածր են, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում, ինչը նպաստում է, որ ավելի շատ արտասահմանցիներ գան Իրան բուժում ստանալու նպատակով:

Tags: ,