ԲՀԿ պատգամավորը համակարծիք չէ, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար

Լյովա ԽաչատրյանԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը համամիտ չէ կարծիքին, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել առաջին հերթին ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը» կապելու համար: Նա չի կարծում, որ ինչ-որ մեկը որևէ ձևով կարող է կապել ԲՀԿ-ի «ձեռքն ու ոտքը»:

«Մեր ձեռքն ու ոտքը հնարավոր կլինի կապել միայն լավ աշխատանքի և դրա արդյունքները տեսանելի դարձնելու դեպքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լյովա Խաչատրյանը` նշելով, որ միակ բանը, որ իրենք ցանկանում են, կառավարության կողմից արդունավետ աշխատանք տեսնելն է: Մյուս կողմից էլ ԲՀԿ-ական պատգամավորը չի կարծում, որ լավ աշխատանքով էլ հնարավոր կլինի իրենց ձեռքերը կապել, քանի որ այդ դեպքում էլ իրենք ակտիվ կմասնակցեն այդ աշխատանքներին:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով` Հայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ունի բոլոր հնարավորություններն  իր առջև դրված խնդիրներն  իրագործելու համար:

«Հովիկ Աբրահամյանն ունի կազմակերպչական հմտություններ: Մենք միասին աշխատել ենք Արարատի մարզում, ես շատ լավ ծանոթ եմ նրա աշխատաոճին»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով` Հովիկ Աբրահամյանն իր կենսագրության, աշխատանքային փորձի, հեռատեսության և կազմակերպչական ընդունակությունների շնորհիվ լիովին կկարողանա լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն իր առջև: ՀՀԿ-ական պատգամավորը նոր վարչապետի ընտրությունը ճիշտ է համարում: Ըստ նրա` շուտով բոլորը կզգան այդ ընտրության դրական արդյունքները:

Tags: , , ,