Մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գծում գերեվարված և ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին հանձնված Արսեն Խոջոյանը հաջորդ երկուշաբթի կտեղափոխվի Երևան՝ հոգեբուժական զննության նպատակով: Արսենն այժմ հայրենի գյուղում է՝ Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուրում: Արսեն Խոջոյանի մայրիկի՝ Սվետլանա Խոջոյանի խոսքով, որդու վիճակն ընդհանուր լավ է, բայց անհանգստացնող հանգամանքներ ևս կան: ՙՙԱրսենը կաշկանդված է, սևեռուն հայացքով երկար նայում է ինչ-որ մի ուղղությամբ, մտածում, ինձ թվում ա՝ վախ կա մեջը: Երեկ ամբողջ օրը դողէրոցքի մեջ էր, մեկ ժամ ա ընդամենը քնել՚՚,-Անկախի հետ հեռախոսազրույցում ասաց Սվետլանա Խոջոյանը: Մեր տեղեկություններով, Արսենը, առողջական խնդիրների պատճառով դեռևս հարսնացուի հետ չի հանդիպել, խոսել է միայն հեռախոսով: Հարևան Չորաթան գյուղի բնակիչ Շուշանիկի և Արսենի՝ այսպես կոչված խոսքկապի արարողությունը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 4-ին:
