«Էդվագ Գրուպ» ընկերությունը դատի կտա ՏՄՊՊՀ-ին

 նռան տեսքի ապակյա շիշ«Էդվագ Գրուպ» ընկերությունը հանդես է եկել ՏՄՊՊՀ-ին դատի տալու հայտարարությամբ: Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ արդեն երեք տարուց ավել է, ինչ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր  սեփականությունն հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը:

2011-ից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն սկսել է արտադրել նման արտադրանք, այնուհետև ՏՄՊՊՀ-ի պահանջով գրանցել է արտադրական նմուշը, որից հետո դատարանում վիճարկվել և առոչինչ է ճանաչվել այդ գրանցումը, և ՏՄՊՊՀ-ն ստիպել է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին հանել այդ արտադրանքը շուկայից:

Այդ ընթացքում, երեք այլ արտադրողներ` Իջևանի գինու գործարանը, Պռոշյանի գինու գործարանը և Մառան ընկերությունը, օգտվելով շուկայում տիրող խառնաշփոթ իրավիճակից, նույնպես սկսել են արտադրել և իրացնել նման արտադրանք, նույնիսկ այն դեպքում, երբ Մտավոր Սեփականության գործակալությունը մերժել է այդ արտադրական նմուշների գրանցումը` շփոթեցնելու աստիճանի նման լինելու հիմքով:

Ընկերությունը նույն պահանջով դիմել է ՏՄՊՊՀ-ին` չգրանցված և շփոթության աստիճանի նման արտադրանքները շուկայից հանելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Ավելի քան կես տարի տևած վարչական վարույթի արդյունքում ՏՄՊՊՀ-ն 2013-ի ապրիլի 4-ին կայացնում է հակառակ որոշում` հիմնավորելով, որ շուկայում առկա նռան տեսք ունեցող որևէ ապակյա շիշ նույնությամբ չի կրկնում գրանցված արդյունաբերական նմուշը և, որ այդ բոլոր ընկերություններն ունեն կայուն իրացում:

Նման «հիմնավորումը» Ընկերության մոտ զարմանք է առաջացնում, քանի որ ՏՄՊՊՀ-ն իր որոշման մեջ խեղաթյուրում է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Մասին ՀՀ Օրենքի դրույթները, մասնավորապես, Հոդված 12-ի 2-րդ կետի 1 ենթակետը, համաձայն որի շփոթության առաջացում է համարվում` գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման, (այլ ոչ թե նույնությամբ կրկնող) չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը:

Մոտ ապագայում «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է վիճարկել այս որոշումը ՀՀ Առաջին ատյանի դատարանում` պաշտպանելով իր և իր բաժնետերերի շահերը:

 Անկախ

Tags: ,