Ադրբեջանցի լրագրողը մեկուսարանում հացադուլ է սկսել

Փարվիզ ՀաշիմլիԱդրբեջանի ներքին գործերի նախարարության հետաքննչական մեկուսարանում գտնվող “Բիզիմ յոլ” (Մեր ուղին) թերթի լրագրող Փարվիզ Հաշիմլին ապրիլի 15-ից հացադուլ է սկսել: Վերջինս այս մասին ասել է իր փաստաբան Էլչին Սադըգովին, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Լրագրողը իր փաստաբանին տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին դատարանում իր ելութի համար, որի ժամանակ բողոքել է իրեն պահելու պայմաններից և իրեն ծեծելուց, իր նկատմամբ կրկին ճնշում է գործադրվել: Մասնավորապես՝ Հաշիմլիին սպառնացել են պահել պատժախցում:

Հաշիմլին մեկ շաբաթ առաջ պահանջել է թուլ տալ իրեն հանդիպել հարազատների հետ կամ հեռախոսազրույց ունենալ, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Ապրիլի 15-ի առավոտյան նա կրկին պահանջել է իրեն ընձեռել այդ հնարավորությունը: “Այդ իսկ պատճառով Փավրիզը, տեղեկացնելով հետաքննչական մեկուսարանի ղեկավարությանը, հենց այսօր սկսեց հացադուլը` պահանջելով թույլ տալ հանդիպել իր հարազատների հետ”, ասել է Սադըգովը:

Փաստաբանի խոսքով՝ լրագրողի ինքնազգացողությունը վատ է եղել: Բացի այդ՝ նրա ատամը ցավում է և ունի պլոմբավորման կարիք, մինչդեռ մեկուսարանի ղեկավարությունը նշում է, որ մեկուսարանում ատամները չեն պլոմբում, այլ հեռացնում են:

“Բիզիմ յոլ” թերթի աշխատակից, “Մոդերատոր” ադրբեջանական կայքի ղեկավար Փարվիզ Հաշիմլին ձերբակալվել է 2013թ.-ի սեպտեմբերի 17-ին` “մաքսանենգության և անօրինական զենքի պահման մեղադրանքով”: Մարտին ձերբակալության ժամկետը երկարաձգվել է երեք ամսով:  Լրագրողը իրեն մեղավոր չի ճանաչում` հայտարարելով, որ քննության ընթացքում իրեն ստիպել են վկայությամբ հանդես գալ մի շարք պաշտոնատար անձանց դեմ, որոնք, իբրև թե, հովանավորում են ադրբեջանական ընդդիմությանը:

 Անկախ

Tags: , ,