Մովսեսի բնակիչները հակառակորդի կրակոցների ժամանակ կսահմանեն հերթապահություն

մովսեսՏավուշի մարզի Մովսես գյուղում վերջին շրջանում հակառակորդի ակտիվացումը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել:

Ըստ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանի, ադրբեջանական դիրքապահները ցերեկային ժամերին կրակ են բացել գյուղին պատկանող այգիների և հանդամասերի ուղղությամբ: Իսկ ավելի ուշ, հակառակորդը կրակել է արդեն գյուղի ուղղությամբ: Գնդակոծության հետևանքով վնասվել են բազմաթիվ տների պատեր, տանիքներ, գազատար խողովակներ: Խոշոր զինատեսակներից արձակված գնդակները ներխուժել են մովսեսցիներից մեկի տան խոհանոց: Բարեբախտաբար, այս անգամ ևս տուժածներ չկան, վնասը սոսկ նյութական է:

Հակառակորդի հետ շփման գծին շատ մոտ այս գյուղի բնակիչները որոշել են իրենց ուժերով ևս ամրացնել իրենց բնակավայրի և համագյուղացիների անվտանգությունը: Մովսեսի երիտասարդ տղամարդիկ որոշել են կազմավորել խմբեր, կրակոցների ժամանակ սահմանել հերթապահություն:  <<Կրակահերթերի ժամանակ դե կարող ա խոտի դեզ ա վառվում կամ մեկին շտապ օգնություն ա պետք, Աստված չանի` վիրավոր ա լինում, արագ արձագանքենք>>,-Անկախ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշեց Մովսեսի բնակիչ Վալերի Անտոնյանը: Նա ասաց, որ նախաձեռնությունն իրենցն է, առաջիկայում էլ հերթապահության խմբերն արդեն ձևավորված կլինեն:

 

Անկախ

Tags: , , ,