Նախիջևանցին փորձել է փախչել Հայաստան

2(3)Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բնակիչ Նազիմ Մամեդովը ձերբակալվել է զինվորականների կողմից՝ սպիտակ դրոշով Հայաստան փախչելու փորձի ընթացքում, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը։

Իրավապաշտպան Հաքիմելդոսթու Մեհթիևի խոսքով՝ ապրիլի 12-ին Նազիմ Մամեդովը փորձել է Հայաստան փախչել, և նման ռիսկային քայլի պատճառը եղել է այն, որ ոստիկանության սերժանտի վերաբերյալ նրա բողոքը հրաժարվել են քննել։

“Մոտ մեկ տարի առաջ Շարուրի շրջանի ոստիկանության սերժանտը սպառնացել է Նազիմի կնոջն ու նրանից գումար հափշտակել։ Հետո կնոջը սկսել է շանտաժի ենթարկել՝ ստիպելով հանդիպել իր հետ։ Հանդիպումներից մեկի ընթացքում նրանց տեսել է Նազիմի որդին և ծեծկռտուք սկսել ոստիկանության սերժանտի հետ։ Կինը պատմել է Նազիմին ամեն ինչի մասին, և նա բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակցի դեմ”,- ասել է Մեհթիևը։

 

Իրավապաշտպանի խոսքով՝ տեղի ունեցածի մասին կարճ ժամանակում իմացել է Նազիմի ողջ գյուղը: “Բանբասանքների պատճառով ամուսնալուծվել են որդին ու դուստրը: Շուտով բաժանվել է նաև ինքը։ Նա ասում էր, որ կգնա հայերի մոտ, եթե չպատժեն ոստիկանության սերժանտին”,- տեղեկացրել է իրավապաշտպանը։

 

Մեհթիևը նշել է, որ երբ ոստիկանությունը հրաժարվել է քննել նրա հերթական բողոքը, Նազիմ Մամեդովը սպիտակ է հագել, վերցրել է սպիտակ դրոշն ու փորձել է անցնել հայկական կողմ:

 

Սահմանին նրան ձերբակալել են զինվորականները։ Այժմ նա գտնվում է Ազգային անվտանգության նախարարության տեղի բաժանմունքում, և նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։

 

 

Tags: , ,