Ապրիլի 18-ին կամփոփվեն «Սոսե» կինոփառատոնի արդյունքները

սոսե կինոփառատոնԵրևանում ավարտվում է «Սոսե» կինոփառատոնը: Փառատոնի նպատակն է ներկայացնել կնոջը՝ խոսելով նրա արժանիքների, խնդիրների, նվաճումների, կարողությունների և առհասարակ նրա դերակատարման մասին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են կինոփառատոնի կազմակերպիչները` Մարիամ Մինասյանը, Ռիտա Խալաթյանը և Սիմոն Սահակյանը:

Փառատոնիընթացքում ընտրվել են լավագույն ռեժիսորական աշխատանք, լավագույն սցենար և լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն դերասանական աշխատանք նոմինացիաներում հաղթող աշխատանքները, իսկ օն-լայն քվեարկության արդյունքում, որը կավարտվի այսօր` ապրիլի 16-ին, կընտրվի հանրության համակրանքին արժանացած ֆիլմը։

Մարիամ Մինասյանը նշեց, որ այս տարի փառատոնին միջազգային ֆիլմեր ներկայացված չեն, մասնակից ֆիլմերն էլ միայն խաղարկային են:  «Ներկայացված են եղել շատ ֆիլմեր, բայց ընտրվել են  9 ֆիլմեր, որոնք հստակ համապատասխանում էին կինոփառատոնի բովանդակությանը և  ներկայացնում կնոջը: Ընտրված ֆիլմերի թվում են «Աշնան արև», «Մեկ ծուխ, մեկ մութ», «Մերկացած կին» և այլն»:

Ժյուրիի կազմում ընդգրկած են հայ կինոգործիչներ, որոնք գործում են հիմնականում արտերկրում. դրա պատճառն այն է, որ նրանք ավելի լավ են ծանոթ հայկական կինոյի ժամանակակից ոլորտին, և մյուս կողմից էլ, դա կնպաստի  տարբեր երկրներում գործող մասնագետների փորձի փոխանակմանը: Ժյուրիում ընդգրկված են ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Արտ Սևադան (ԱՄՆ), դերասանուհի Լաուրա Քյոսայանը  (Ռուսաստան ), և այլք: «Ընտրությունը հիմնավորված է նրանով, որ մեր հայրենակիցները շատ լավ տեղյակ են մեր կինոարտադրության  խնդիրներից և կարող են ճիշտ և հստակ գնահատել»:

Կազմակերպիչները նշեցին, որ այս տարի Մշակույթի նախարարություն չեն դիմել. «Նախ փորձեցինք ծնունդ տալ փառատոնին և հետո դիմել նման հովանավորության համար»:

‹‹ՍՈՍԵ›› կինոփառատոնի փակման արարողությունը և ներկայացված ֆիլմերի հանրային ցուցադրությունը տեղի կունենա ապրիլի 18-ին Նաիրի կինոթատրոնում:

Tags: ,