«Մի նախարար կունենաս, թե տասներկու, միևնույն է, այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես լինի». Արմեն Ռուստամյան

Armen-Rustamyan48-e1354281632331Այսօր կրկին խորհրդարանական քառյակը հրավիրել էր նիստ: Այս անգամ հրավիրող կողմը Դաշնակցությունն էր: Նիստի ժամանակ կողմերը քննարկել են կուտակայի վերաբերյալ ՍԴ որոշման երկիմաստ և թերի լինելու հարցը և դրա հետ կապված անելիքները, ինչպես նաև ստեղծված նոր իրավիճակում՝ վարչապետի նշանակում, կառավարության ձևավորում, նոր ծրագրի առաջադրում, քառյակի գործունեությունը:

«Այս պահին առաջարկները, գնահատականներն ու հեռանկարի հետ կապված հույսերը տարբեր են, բայց լիահույս ենք, որ միասնական դիրքորոշման հնարավորություն քառյակն ունի»,-երեք ժամ տևած քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ ՀՅԴ կողմից առաջարկված 7 կետերից որոշներն ընդունվել են ՀՀԿ-ի կողմից՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք ասել ենք, եթե ամբողջապես ընդունեն, սա բոլորովին այլ որակի աշխատանք է ենթադրում, բայց էդ ամբողջապես ընդունելը նշանակում է, որ ամբողջապես պետք է կատարի նա, ով դա առաջարկում է: Հիմա չունենք էդ վիճակը, մեր վարչապետը չի, ինչպես տեսնում եք: Բնականաբար, սա արդեն խոսում է այն մասին, որ այդ ամբողջականությունը չկա:  Իսկ եթե չկա, ապա հարց է առաջանում՝ ինչ որակի և չափի կլինի իշխանությունների կողմից այդ ընկալումը և հատկապես որ կետերը կընդունվեն»:

Նրա խոսքով, իշխանությունները որոշ կետեր ընդունում են, բայց ոչ իրենց պատկերացրած ձևով: «Օրինակ, Մենք այսօր հստակ չունենք այն տպավորությունը, որ իրենք գնում են մեր պատկերացրած խորհրդարանական համակարգին»,-ասաց Ռուստամյանը:

Մի խոսքով՝ Ռուստամյանը գտնում է, որ իշխանությունների կողմից վերապահումով է ընդունվում խորհրդարանական համակարգին անցնելու իրենց առաջարկը, անհասկանալի են մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունները, հարյուր տոկոս համամասնականի հետ կապված երաշխիքներ չեն տրվում և այլն:

«Մենք իհարկե ակնկալում էինք, որ մեր յոթ կետերը չէին կարող լիարժեք ընդունվել, քանի որ դա նշանակում է իշխանության ռեսուրսների թուլացում»,-ասաց Ռուստամյանը՝ հայտարարելով, որ իրենք էլ մասնակիորեն չեն կարող կառավարության մաս կազմել,-կա՛մ կառավարության մեջ ես, կա՛մ կառավարության մեջ չես: Հիմա մի նախարար կունենաս, թե տասներկու, մինույնն է, որովհետև այդ դեպքում դու այլևս ընդդիմություն չես»:

Ռուստամյանը նաև ասաց, որ եթե անգամ իրենց առաջարկները մասնակիորեն ընդունվեն, միևնույն է՝ իրենք իրենց ընդդիմադիր կեցվածքը պահպանելու են, մինչև յոթ կետերը լիարժեք ընդունվեն:

Ռուստամյանը հիշեցրեց, որ ապրիլի 18-ին մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, և Դաշնացության շատ տեսակետներ կհստակեցվեն հենց այդ ընթացքում:

Նա հայտնեց, որ քառյակը քննարկել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ՝ արդեն ելնելով ՍԴ որոշումից և փորձելու է հասնել նրան, որ օրենքում հստակեցվեն ՍԴ որոշման արդյունքում անորոշ մնացած դրույթները:

Հնարավոր է, որ քառյակն այդ հարցով առաջիկա քառօրյայում պահանջի արտահերթ նիստ հրավիրել:

Նաև ավելացրեց, որ քառյակը գործում է՝ ի հեճուկս բոլոր չար գուշակողների: «Մենք շարունակում ենք աշխատել արդյունավետ»,-ասաց նա:

Քառյակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, այդ ժամանակ արդեն շատ հարցեր առավել հստակ կլինեն:

Անկախ

Tags: , , , , ,