10250 բնակիչ ունեցող Բյուրեղավանը վերջին օրերի ընթացքում գտնվում է լրատվամիջոցների համակ ուշադրության կենտրոնում: Պատճառը Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում ծագած սկանդալն է:
Վերջերս «Անկախը» և հայաստանյան այլ լրատվամիջոցներ ստացել էին անանուն բաց նամակ, որում հաստատության մի քանի աշխատակիցներ հայտարարում են, որ կենտրոնի տնօրենը բազմիցս խախտել է թե աշխատակիցների, թե երեխաների իրավունքները: Ըստ նամակի` տնօրեն Գայանե Մարգարյանը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, իսկ ստուգումների ժամանակ երեխաները զարմանում են ուտելիքի առատությունից և բազմազանությունից: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անմիջապես հերքել է նամակում ներկայացված բոլոր մեղադրանքները:
«Անկախը» մի քանի անգամ Բյուրեղավան է այցելել: Բնակիչներն անտեղյակ են հաստատությունում տիրող իրավիճակին, իսկ աշխատակիցները խուսափում են որևէ հարցի պատասխանել և սահմանափակվում են «ոչ», «այո» և «ես միայն իմ գործն եմ անում ու ոչինչ չեմ նկատել» արտահայտություններով:
«Ամեն ինչ անհիմն է, ապատեղեկատվություն է», – հենց դռան շեմից հայտարարեց տնօրեն Գայանե Մարգարյանը:
Նա հրաժարվեց մանրամասնորեն բացատրել նամակում առկա մեղադրանքները` ասելով, որ «քննություն է կատարվում և ամեն ինչ շուտով ջրի երես դուրս գալու»:
«Այսքան աշխատանք հիմա որ դուք տեսնում եք, իմ կատարած աշխատանքն է, ես եմ արել: Երեխաները սիրում էլ են ինձ , հարգում էլ են»,- ասում է Մարգարյանը` հավելելով, որ իր «դեմ են դուրս եկել» ընդամենը երեք աշխատակիցներ:
Նամակում աշխատակիցները նշում են, որ կան իրականում գոյություն չունեցող հաստիքներ և տնօրենը դրանց համար նախատեսված աշխատավարձերը գրպանում է: Ի պատասխան Մարգարյանն ասում է. « Ճիշտն ասեմ՝ կան հաստիքներ, որոնք իրենց նպատակին չեն ծառայում: Եթե ունենք փոխտնօրեն դաստիարակության գծով, ավագ դաստիարակի հաստիք այլևս անհրաժեշտ չէ: Ավագ դաստիարակի հաստիքը կրճատվելուց հետո ես նրան տվել եմ հրահանգչի աշխատանքը, բայց էլի նույն պաշտոնն է կատարում: Գրադարանավարի կես դրույքը կրճատվեց, մինչև 150 երեխան 0,5 հաստիք է գալիս, դրանից ավել մեկ հաստիքային միավոր: Հաստիքի միավորները լրացվում են գրքերի քանակով ու չնայած 0,5 էր, ես ավելացրի նրան որպես դաստիարակ, և իր աշխատավարձի թիվը պահպանել եմ: Ահա թե ինչպես մեկ դրույքը դարձավ կես , բայց իրենց աշխատավարձերը չկրճատվեցին»,- հավելեց նա:
Ոչ երեխաները, ոչ էլ տնօրենը չեն հերքում, որ երբեմն-երբեմն Գայանե Մարգարյանը հարվածել է երեխաներին. «Եթե երեխաների վրա ջղայնացել եմ, ապա դա նրանց` իրենց գործառույթները լավ չկատարելու պատճառով է»:
«Ինքը որ մեզ տփում էր, ինքը մեր երկրորդ մերն ա: Ո՞ւմ մերը իրան չի տփել, ո՞ւմ մաման իրան չի խփել: Եթե մեկը ասի, որ իրա մաման իրան չի խփել, կարող ա խաբում ա»,-ասաց երեխաներից մեկը (Երեխաների արտաքին տեսքն անխնամ էր, հագուստը` կեղտոտ, մինչդեռ դպրոցում կա և լվացք անողի և արդուկ անողի հաստիք):
Ծնողները ևս ամեն կերպ պաշտպանում են տնօրենին:
«Մեր երեխան վեց տարի ա հաճախում է դպրոցը, ես ապշած եմ մնացել, տենց բան չի եղել»,-ասում է արդեն վեց տարի այդ դպրոց հաճախող Վիրաբի մայրը:
Նամակի հեղինակներից մեկը , ով խնդրեց չնշել իր անունը, այս ամենի իր բացատրությունն ունի: Նա նշում է, որ բազմիցս հոգեբանական ճնշում է կիրառվում և երեխաների, և նրանց ծնողների վրա: Երեխաները շատ անբարյացկամ են վերաբերվում այն աշխատակիցներին, ումը տնօրենը կասկածում է: «Քանի անգամ ավելորդ պատասխաններ են տվել, քանի անգամ ընբոստացել են դաստիարակին: Տնօրենը դրդում է նրանց այդպես վարվել: Եվ ոչ միայն տնօրենը, այլև տնտեսագետը, որի համախոհն է տնօրենը, վարորդը, որ իր տղան է: Երեխաներին կաշառում են. փող են տվել, նվերներ են առել, վարորդը անգամ ծխախոտ է տվել` իրենց դեմ չխոսելու համար»:
Նրա խոսքով` ծնողներն էլ իրականությունը կոծկելու իրենց պատճառներն ունեն. տնօրենը սպառնում է, որ նրանց երեխաներին կհանի դպրոցից:
«Ծնողներն այնքան խեղճ են, այնքան սոված են, որ վախենում են , որ իրենց երեխաները կմնան դուրսը: Երեխաներն էլ, ծնողներն էլ պարզ է, թե ինչ պետք է ասեն»:
Մեր աղբյուրը նշում է, որ իրենց նպատակը պաշտոն ստանալը չէ, քանի որ իրենք բոլորն էլ մեկ-երկու տարուց հետո անցնելու են թոշակի. «Թող ինքը դիմում տա, դուրս գա, մեր կոլեկտիվը նորմալ կաշխատի: Մենք հրաշալի փոխտնօրեն ունենք, որ ոչ մի ակնկալիք չունի այդ աթոռից»:
Նշենք, որ ոստիկանության Կոտայքի բաժինը նյութեր է նախապատրաստում նամակի առթիվ:
Tags: Բյուրեղավան, գիշերօթիկ հաստատություն