Երևանի Սայաթ-Նովա 10-12, Նալբանդյան 25, Աբովյան 22ա բնակելի շենքերի բակում «Լարկո գրուպը» ընկերության կողմից կառուցվող հյուրանոցն իսկական պատուհաս է դարձել տեղի բնակիչների համար: Բնակիչները բողոքում են, որ հյուրանոցի կառուցման հետևանքով իրենց բնակարանները կզրկվեն արևի լույսից, ինչպես նաև կքանդվեն իրենց ավտոտնակները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գործով փաստաբան Ալբերտ Կանդալյանը նշեց, որ հույսը, որ խնդիրը կլուծվի, գնալով նվազում է: Փաստաբանը համոզված է, որ ինչ-որ մի չինովնիկ է աջակցում այդ շինարարությանը:
“Ներկայումս գործը գտնվում է Վարչական դատարանում: Մենք հայց ենք ներկայացրել շինթույլտվությունն անվավեր ճանաչելու: Մենք նաև միջնորդություն ենք ներկայացրել՝ Քաղաքապետարանից պահանջելով կասեցնել շինթույլտվությունը: Դատարանը մերժել է մեր բոլոր միջնորդությունները: Հիմա էլ մենք ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել”,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ դատավորը կա՛մ Քաղաքապետարանի, կա՛մ որևէ չինովնիկի ցանկություն է կատարում:
Ալբերտ Կանդալյանի խոսքով՝ Քաղաքապետարանի ներկայացուցիչները ոչ մի բացատրություն չեն տալիս օրենքի սահմաններում: Դիմում են Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին՝ նշելով, որ շինարարական նորմերից շեղվել է շինարարությունը, իսկ Քաղաքապետարանից պատասխանում են, որ աչքաչափով դիտարկելիս ոչ մի շեղում չեն արձանագրել:
“Քաղքաապետարանը վստահեցնում էր, որ չի շենքը չի խանգարի բակի բնակիչներին: Քաղաքապետարանը աչքաչափով որոշում է, որ բնակիչներից ոչ մի հող չի զավթվել: Մենք դիմել ենք և՛ Մարդու իրավունքների պաշտպանին, և՛ Դատախազություն, և՛ Ոստիկանություն: Այստեղ մեղավոր է Քաղաքապետարանն ու իր չինովնիկները”,- ասաց փաստաբանը:
Սայաթ-Նովա 10-ի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի խոսքով՝ մինչև դատարան գնալը ինքը հույս ուներ, որ այս հարցը արդար լուծում կստանա, բայց դատարան դիմելուց հետո հույսը կորցրեց, քանի որ դատարանը, ըստ նրա, երկարաձգում է դատական գործի ընթացքը, ահա թե ինչու, իրենք ուզում են փոխել գործով դատավորին:
“Ես բաց նամակ եմ գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որն այսօր պետք է հանձնեմ: Նամակներ եմ ուղարկել նաև բոլոր ատյաններին՝ ներկայացնելով իրավիճակը: Նրանցից միայն մեկ-երկուսն են արձագանքել: Այս պահին մեր պայքարը օրենքի դեմ է”,- ասաց Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:
Tags: Ալբերտ Կանդալյան, Սայաթ-Նովա 10-12