ԱՄՆ-ի համար Հայոց ցեղասպանության հարցը քաղաքական առևտրի առարկա է. Ռուբեն Մելքոնյան

Ռուբեն Մելքոնյան«Ամերիկյան կողմի համար Հայոց ցեղասպանությունն  առավելապես քաղաքական առևտրի առարկա է: Սենատի հանձնաժողովի ընդունած որոշումը պարզապես մարտավարական քայլ էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին:

«Այս քայլերը միայն սառը քաղաքական հաշվարկների համատեքստում են տեղավորվում: Սրանք իրականում քայլեր չեն, այլ կիսաքայլեր»,-նշեց նա:

Պարոն Մելքոնյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին  ընդառաջ թուրքական կողմից որոշ «ջղաձգումներ» է կատարվում. «Թուրքական կողմն իր հռչակած քաղաքականության գերին է և ամեն անգամ ստիպված է լինում որոշակի քայլեր անել հակադարձելու համար: 2015-ին ընդառաջ թուրքական հակադարձումների ֆորմատը լայնանում է , բացի ագրեսիվ ավանդական մեթոդներից, նրանք ունեն մեկ այլ ուղղվածություն. քողարկված արտաքուստ  հանդուրժողականությամբ քայլեր են ձեռնարկում, որոնց խորքում հակահայկականություն կա»:

Այդ քայլերից մեկը նա համարում է քեսաբահայ տարեցների տեղափոխությունը Թուրքիա: Ըստ թուրքագետի այդ մարդիկ գործիք են Թուրքիայի քարոզչամեքենայի համար:  «Հավանաբար նրանք ի վերջո կտեղափոխվեն Բեյրութ, որտեղ համեմատաբար ապահով է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը

 

Tags: , ,