«ՕԵԿ-ը պատրաստվում է ընտրություններին, նախ` խորհրդարանական, ապա նաև նախագահական» , -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի գործադիր տնօրեն, նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով ՕԵԿ դուրս գալը կոալիցիայի կազմից: Սակայն նա ընդգծեց, որ ՕԵԿ-ը, այնուամենայնիվ, իրեն որպես ընդդիմություն չի դրսևորում:
«Բարեփոխում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Հակոբյանը նշեց, որ սկզբունքորեն դեմ է կոալիցիա գաղափարին. «Կոալիցիա ստեղծում են պատերազմական իրադրության ժամանակ և, երբ կա փաստացի իրական, ազգային համախմբում: Հայաստանում այդ իրավիճակը գոյություն չունի»:
Անդրադառնալով նոր կառավարության ձևավորմանը` Կարինե Հակոբյանը շեշտեց նոր նախարարների նշանակման կարևորությունը. «Հին անուններով փոփոխություն իրականացնել չի կարելի»:
Իսկ Լարիսա Ալավերդյանը խոսեց Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին` ասելով, որ ողջունում է այդ քայլը: «Ես ողջունում եմ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Նա այդպես էլ չդարձավ քաղաքական պաշտոնական անձ: Նա քաղաքական կամքի կրողը չէր: Հովիկ Աբրահամյանն ունի այնպիսի ունակություններ, որ կարող է լինել օլիգարխիկ խոշոր սեփականատերերին համախմբող»:
