Կառավարության նոր կաբինետը կձևավորվի մինչև մայիսի 3-ը

загруженноеԱյսօր երեկոյան ժամը 20:15 տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Գործադիր մարմնի նիստը տևել է մոտ երկու ժամ, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական,  մասնավորապես, կառավարության ձևավորման հետ կապված հարցեր: Նիստի ավարտից հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գործադիր մարմնի նիստին չի մասնակցել արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

<<Կառավարության ձևավորման հետ կապված քննարկումներ տեղի ունեցան, ինչպես նաև այսօր մեր քաղաքապետի ծննդյան օրն էր՝ մենք շնորհավորեցինք>>,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Կուսակցության գործադիր կառույցի այսօրվա նիստը ապագա կառավարության կազմի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացրել: <<Որևէ նախարարի անուն չի որոշվել>>,-ընդգծեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

Քննարկման արդյունքները, ըստ ՀՀԿ խոսնակի, կներկայացվեն օրենքով սահմանված կարգով: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ քաղաքական ուժերի, մասնավորապես` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի հայտարարություններին` նշելով, որ Հանրապետականը հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուր գործընկերոջ որոշմանը: Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև <<Օրինաց Երկիր>> կուսակցության՝ կոալիցիայի մաս չկազմելու վերաբերյալ հայտարարությանը: << Իրենք են որոշում իրենց տեղն ու դերը քաղաքական համակարգում: Մենք հարգանքով ենք վերաբերվում ՕԵԿ-ի հայտարարությանը: Ուզում եմ նշել, որ հավերժ կոալիցիաներ չեն լինում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում այս կամ այն իրադարձության մեջ ինչպես իրեն դրսևորի>>:

Հարցին՝ անսպասելի՞ էր ՕԵԿ-ի որոշումը, Շարմազանովը պատասխանեց. <<Քաղաքական գործչի համար քաղաքականության մեջ անսպասելի որոշումներ չպետք է լինեն, քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինեն: Եվ  ցանկացած քաղաքական ուժ, որը ներկայացված է ԱԺ-ում և իշխանության մեջ չէ՝ ընդդիմություն է>>:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստն այսօր Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարց ևս չի քննարկել:

ԱԺ նոր նախագահի ընտրության հարցը, հավանաբար, կլինի ապրիլի 28-ին մեկնարկելիք եռօրյայում: Համենայնդեպս, այս պահին, ըստ Խորհրդարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակտար Էդուարդ Շարմազանովի, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ որոշման նախագիծ չկա:

Ինչ վերաբերում է ապագա կառավարության հնարավոր կառուցվածքային փոփոխություններին, ապա Խորհրդարանի փոխնախագահը հայտարարեց, որ  այս մասին ճիշտ կլինի խոսել` Կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո:

<<Կառավարության նոր կաբինետը կձևավորվի մինչև մայիսի 3-ը, այսինքն` սահմանադրությամբ նախատեսված վերջնաժամկետը>>:

Նաև նշենք, որ գործադիր մարմնի նիստին ընդառաջ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է գրասենյակի մոտ հավաքված Բուզանդի, Տիգրան Մեծի, Արամի փողոցի բնակիչների հետ, ովքեր պնդում են, որ արդեն վեց տարի է` հայտնվել են փողոցում: Հովիկ Աբրահամյանը խոստացել է ուրբաթ օրն ընդունել նրանց, լսել նրանց պահանջները:


Անկախ