Միջազգային սկանդալ Լոնդոնում

o_932740

Լոնդոնում  միջազգային աղմկալի սկանդալ  բորբոքվեց երբ տեղացի վարսավիրը որոշեց ԿԺԴՀ տղամարդկանց Կիմ Չեն Ընի սանրվածքը պարտադրելու մասին լուրն օգտագործել ու իր վարսավիրանոցի ցուցափեղկին փակցրեց հյուսիսկորեացի առաջնորդի ծաղրապատճենը: Տղամարդը հաշվի չէր առել, որ հարևանությամբ էր գտնվում Հյուսիսային Կորեայի դեսպանատունը:

«Դուք դժգոհ եք ձեր սանրվածքի՞ց: Ապրիլից մենք 15-տոկոսանոց զեղչ ենք խոստանում տղամարդկանց բոլոր տեսակի սանրվածքների համար» գրությամբ պաստառը Մո Նեբեչը փակցրել էր ցուցափեղկին, իսկ գովազդային խոսքի տակ Կիմ Չեն Ընի պատկերն էր: Բրիտանացու խոսքով, ինքը պատկերացում անգամ չուներ, որ հարևանությամբ է գտնվում ԿԺԴՀ դեսպանատունը: Իսկ զայրացած հյուսիսկորեացիների այցելությունը չուշացավ:

Բորբոքված աշխատակիցները պահանջեցին, որ վարսավիրը հանի պաստառը, որը վիրավորանք էր իրենց առաջնորդին: Իսկ երբ բրիտանացին ասաց, թե նրանց երկրում դեմոկրատիա չկա, Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները խոստացան ոստիկանություն դիմել: Ու իրենց խոսքը կատարեցին: Ասիացի դիվանագետները վարսավիրի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարություն բողոք ներկայացրին:

Արդյունքում, զգուշանալով հյուսիսկորեացիների կողմից սադրանքից, Նեբեչն, այնուամենայնիվ, հեռացրեց սկանդալային պաստառը, սակայն իր նպատակին հասավ: Նրա սրահը  հռչակվեց ողջ քաղաքով մեկ ու հիմա նա այցելուների պակաս չունի:

Անկախ

Tags: