Հարավային Կորեայի ափերի մոտ փրկարարական օպերացիա իրականացնողները «Սևոլ» շոգենավից կենդանի մարդկանց գտնելու հույսը չեն կտրում: Նավն ապրիլի 16-ին էր խորտակվել, ուղևորների մեծ մասը դպրոցականներ ու ուսուցիչներ էին: Իսկ այսօր հարավկորեական ոստիկանությունը հայտնել է, որ դպրոցի ուսմասվարին, որը փրկվածներից էր, կախված են գտել:
Associated Press-ի տեղեկացմամբ, նրան գտել են ծառից կախված,Ջինդո կղզում, ուր տանում էին փրկված ուղևորներին: Ոստիկանությունն այլ մանրամասներ չի բերում:
Վերջին տվյալներով, ողբերգության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի: Ընդհանուր հաշվով նավում եղել է 477 ուղևոր, 325-ը` «Դանվոն» ավագ դպրոցի աշակերտներ: Նրանք 4 օրով ուղևորվում էին Չեջուդո կղզի: Ափից 20 կմ հեռավորության վրա նավն արդեն սկսել է թեքվել ու աղետի ազդանշան է ուղարկել: 179 մարդու հաջողվել է փրկել, 277-ը համարվում են անհետ կորած:
Նախօրեին եղանակային վատ պայմանները խանգարել են որոնողական աշխատանքներին: Չի բացառվում, որ նավում կենդանի մարդիկ լինեն: Աղետի վայր են հասել 3 ամբարձիչներ, որոնցով կփորձեն նավը ջրից հանել:
Իսկ դատախազությունում պարզել են, որ վթարի պահին 39-ամյա կապիտանը ղեկավարման կամրջակի վրա չի եղել: Այդ պահին շոգենավը կառավարում էր 26-ամյա երրորդ օգնականը, որը ծովում ընդամենը մեկ տարի է աշխատել: Չի բացառվում որ նա անհաջող մանեվրել է, որի հետևանքով ծանրության կենտրոնը խախտվել է: Հնարավոր է, որ բեռն է տեղաշարժվել: Դրանից հետո նավը շեղվել է ուղղությունից ու ստորջրյա ժայռերին բախվել:
Tags: «Սևոլ» շոգենավ