Նոր կրճատումներ Գյումրու քաղաքապետարանում. մեկնաբանում է Սամվել Բալասանյանը

բալասանյանՎերջին շրջանում Գյումրու քաղաքապետարանի  մի շարք պաշտոնյաներ սեփական դիմումի համաձայն հեռանում են զբաղեցրած պաշտոններից, հիմնականում՝ բաժնի պետեր: Ինտենսիվորեն լուրեր են շրջանառվում նաև այն մասին, թե քաղաքապետը գրեթե մեկուսացրել է մշակույթի բաժնի պետին՝ Արտաշես Կարապետյանին, նրանից վերցնելով գործառույթների զգալի մասը, ինչպես նաև աշխատանքից ազատել է իր սանիկի հորը՝ փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին:
Այսօր Սամվել Բալասանյանը վերջին երկու դեպքերի մասով բացատրություններ ներկայացրեց. «Մալխասյանն հիմա արձակուրդի մեջ է,  կգա,  իրեն կհարցնեք` ազատված է աշխատանից, թե ոչ: Մարդը պետք է դիմում տա, որ գիտենանք՝ չի ուզում աշխատել: Բայց հիմա  դիմում չի տվել, արձակուրդի մեջ է փոխքաղաքապետը, ես ի՞նչ ասեմ: Հարցնում եք` կրճատված է աշխատանքի՞ց, ոչ, կրճատված չէ: Նման խոսակցություն չի եղել: Չգիտեմ ոնց է տարածվել այս խոսակցությունը, Մալխասյան Գուրգենը նույնպես զարմացած է: Եթե ուզենա ազատվել, ինքը դիմում կտա, մամուլի ասուլիս կհրավիրի ու կբացատրի, թե ինչու չի ուզում աշխատել: Եթե  նման եղավ,  անպայման ձեզ կիրազեկի անձամբ ինքը», – լրագրողներին փոխանցեց Գյումրու քաղաքապետը: Նաև հավելեց, թե ինքը գոհ է փոխքաղաքապետի աշխատանքից:
Ինչ վերաբերում է մշակույթի բաժնի պետի հարցին, ով, ի դեպ, պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրն է, Սամվել Բալասանյանը նշեց. «Որպեսզի դուք ավելի շատ համոզմունք ունենաք, պետք է վերցնեք նրա տված դիմումը, որով ժամանակ է խնդրել, քանի որ առողջական խնդիրներ ունի: Մենք էլ ընդառաջել ենք, ինչու՞ ենք մեկուսացրել, ո՞վ է ասել»:
Հիշեցնենք, որ մշակույթի բաժնի պետը լրատվամիջոցներով հայտնել էր, որ քաղաքապետարանում իր աշխատանքը սահմանափակել են, մի շարք լիազորություններ վերցվել են իրենից, տրվել մեկ այլ աշխատակցի, այսինքն՝ իրեն մեկուսացրել են:

Tags: