«Գլենդել Հիլզ»-ը 6 ամիս աշխատավարձ չի վճարել

հիլզԱյսօր իրենց բողոքն էին ներկայացնում Գյումրու «Մուշ 2/2» թաղամասի շինհրապարակի անվտանգության նախկին աշխատակիցները, ովքեր ընդամենը մեկ շաբաթ առաջ են դուրս եկել աշխատանքից: Նրանց դժգոհությունը վերաբերում էր շուրջ վեց ամիս չստացված աշխատավարձին: Աշխատակիցներն ասում են՝ երբ դիմել են` ճշտելու,  թե երբ են աշխատավարձ ստանալու, իրենց պատասխանել են՝ 15 օրից, հետո 15 օրը դարձել է մեկ ամիս, վեց ամիս:
«Թե լրագրող, թե նախագահ, թե վարչապետ, եթե վեց ամիս աշխատավարձ չստանա, իր ընտանիքն ինչպե՞ս կպահի»,  - ասում են անվտանգության նախկին աշխատակիցները:
Այս պահին Գյումրիում բնակարանաշինություն չի կատարվում, սակայն կա շինհրապարակ, որտեղ, ինչպես աշխատակիցներն են ասում, «Գլենդել Հիլզ» ընկերության շինտեխնիկան է տեղակայված:
«Աշխատել ենք 2013-ի օգոստոսի 30-ից, երկու ամիս աշխատավարձ ենք ստացել, ու դրանից հետո էլ գումար չենք ստացել: Վեց ամիս էլ տունը գումար չենք տարել», – ասում է  Ավետիս Ավետիսյանը: «Գլենդել Հիլզ»-ից նրանց հայտնել են՝ փող չկա, ֆինանսավորում չկա:
Նախկին աշխատակիցները նույնիսկ առաջարկել են տարածքի ամրանները վաճառել և իրենց աշխատավարձերը բաժանել, մինչև անհրաժեշտ գումարները կփոխանցվեն, նոր ամրաններ կգնեն,  սակայն դա էլ չեն արել:
Յուրաքանչյուրի վեց ամսվա աշխատավարձը մոտ 400-450 հազար դրամ է կազմում. «Մեկ ամսվա աշխատավարձը 82-88 հազար դրամ է, կապված տվյալ ամիսն ունի 30, թե 31 օր», – ասում են նրանք:
Այսօր դժգոհողները չորսն էին, սակայն վստահեցնում են, այսպես տուժածների թիվը մեծ է, պարզապես ոմանք արդեն մեկնել են արտագնա աշխատանքի:
Արդյո՞ք ունեն աշխատակիցները պայմանագրեր և կկարողանա՞ն իրավաբանորեն լուծել իրենց խնդիրը. պարզվում է՝ նրանք աշխատանքային պայմանագիր ստորագրել են, բայց իրենց հասանելիք օրինակը չունեն. «Պատճառաբանել են՝ պայմանագրերը գտնվում են Երևանում, երբ գնացինք, կբերենք»:
«Գլենդել Հիլզ» ընկերության Գյումրու շինհրապարակում անվտանգություն ապահովող նախկին աշխատակիցները նաև հայտնում են,  եթե արագ այս խնդրին լուծում չտրվի, իրենք դուրս կգան բողոքի ցույցի:
archive2.ankakh.com-ը խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար հարցում է ուղարկել «Գլենդել Հիլզ» ընկերությանը:

Tags: