Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն քննադատել է Եվրոպայի երկրներին` նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու համար: Աֆրիկյան պետության առաջնորդը կարծում է, որ Արևմուտքը չպետք է իր համասեռական գաղափարները փաթաթի մնացյալ աշխարհի վզին. »Բնականն անբնական է դարձել: Իսկ այն, ինչ անբնական է, նրանք ցանկանում են բնական հայտարարել»,-Մուհաբեի խոսքերը մեջբերում է Global Post-ն:
Եվրոպայի հասցեին մեղադրանքները հնչել են Զիմբաբվեում, Հարարայի մարզադահլիճում երկրի անկախության 34-րդ տարեդարձի առիթով ելույթի ժամանակ: Մուհաբեն իր խոսքում շեշտը դրել էր այն գաղափարի վրա, որ եվրոպական երկրները փորձում են տարածել իրենց «անմարդկային» սովորությունները նաև աֆրիկյան մայրցամաքում:
«Եվրոպան հայտարարում է.»Եթե դուք ընդունեք օրենք, որը կարգելի նույնասեռ ամուսնությունները` մենք ձեզ կպատժենք», ինչպես նրանք արեցին մեզ ու Ուգանդայի հետ,-հայտարարել է Զիմբաբվեի 90-ամյա առաջնորդը: Մուհաբեն խոստացել է երկրից արտաքսել բոլոր այն դիվանագետներին, ովքեր ձայնը կբարձրացնեն ի պաշտպանություն համասեռների:
Զիմբաբվեի նախագահը հաճախ է իր ելույթներում համասեռականության արատավորությանն անդրադառնում: Մի անգամ նա նույնիսկ հայտարարեց, որ գեյերն ու լեսբուհիները շներից ու խոզերից էլ վատն են:
Tags: Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն
