Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական խնդիր չկա. փորձագետ

Ջոնի Մելիքյան«Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու Հայաստան այցից հետո պարզ դարձավ, որ ոչ մի քաղաքական խնդիր չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Վրաստանի հարցերով փորքագետ Ջոնի Մելիքյանը` նշելով, որ հայերը վիզային ռեժիմի խնդիր չեն ունենալու և կկարողանան հեշտությամբ գնալ Վրաստան:

Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում հարևան երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին: Նախ` նա առանձրացրեց խտրականության դեմ օրենքը, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:  Այդ օրենքին դեմ է դուրս եկել Վրաստանի Ուղղափառ եկեղեցին, որը մեծ կշիռ ունի այդ երկրում. եկեղեցու և պետության միջև կա կնքված սահմանադրական պայմանագիր, որով պետությունը ճանաչում է ուղղափառ եկեղեցու ուրույն դերակատարությունը երկրի ներքին կյանքում:  Ըստ եկեղեցու` այդ օրենքի ընդունումը հարվածելու է ավանդական ընտանիքներին: Սակայն,  Վրաստանի կառավարությունը  կարծես թե գտել է ելքը:  «Նոր Սահմանադրության մեջ մի կետ կմտցվի, որով կհաստատվի, որ ամուսնությունը միայն տղամարդու և կնոջ միջև կարող է լինել»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Վերջին շրջանի հետաքրքրական իրադարձություններից վրացագետն առանձնացրեց ռուս-վրացական հանդիպումը, որը երկու անգամ հետաձգվել էր ուկրաինական դեպքերի պատճառով:

Ջոնի Մելիքյանը խոսեց նաև ապրիլի 14-ին տեղի ունեցած Եվրամիության արտգործնախարարների հանդիպման մասին, որտեղ հայտարարվեց, որ Վրաստանն ու Մոլդովան կարող են ժամանակին դառնալ Եվրամիության երկրներ: «Այս պահի դրությամբ՝ Վրաստանը պատրաստվում է հունիսին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց  Ջոնի Մելիքյանը:

 

Tags: ,