Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագետները կայցելեն «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարաններ

expertsԱպրիլի 21-ին կմեկնարկեն փորձագիտական խմբերի այցերը  Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային  համալսարաններ:

Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի  ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ):

Սա հավատարմագրման գործընթացի երկրորդ փուլն է: Մինչ այս,     փորձագիտական  այցին ընդառաջ, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի, բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները  ներկայացրել են ՈԱԱԿ, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել են  այն:

Այցից հետո  փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը, որի  հիման վրա հավատարմագրման հանձնաժողովն որոշում կկայացնի:

Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև  ապրիլի 26-ը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ ուսանող և մեկ միջազգային փորձագետ:

Միջազգային փորձագետները Բելգիայից են:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր  Անդրե Գովերթը Բելգիայի ՔեյՀո Սինթ Լիեվեն (KaHo Sint-Lieven)  համալսարանի պրոֆեսոր է, ղեկավարել է  համալսարանի որակի ապահովման և կրթական ծրագրերի վերահսկման բաժինը: Բազմաթիվ գիտական հոդվածների և հրատարակությունների հեղինակ է: Որպես փորձագետ կամ փորձագիտական խմբի ղեկավար աշխատել է Բելգիայում, Խորվաթիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր , պրոֆեսոր  Ժան Կորնելիսը  Բրյուսելի ազատ համալսարանի  (Vrije Universiteit Brussel)  միջազգային համագործակցության գծով փոխռեկտորն է: Կորնելիսը 470-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է,  նաև 4 պատենտների համահեղինակ է:

Փորձագետների խումբը ապրիլի 21-23-ը կայցելի «Հայբուսակ» համալսարանի երևանյան գրասենյակ, իսկ ապրիլի 25-26-ին`Գյումրիի մասնաճյուղ:

Փորձագետների երկրորդ խումբը ապրիլի 21-23-ին կայցելի «Մխիթար Գոշ» համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, իսկ ապրիլի 25-26-ին`երևանյան գրասենյակ:

Բուհերում փորձագետները առանձին-առանձին հանդիպում-քննարկումներ կունենան բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև ուսանողների, շրջանավարտների, ինքնավերլուծություն կատարած խմբի հետ:

Tags: , ,