Արսեն Խոջոյանի վերադարձի համար գյուղում մատաղ են մատուցել

10253817_730839316938660_891778476646586119_nՏավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական գերությունից վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի համար մատաղ են մատուցել:

Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, Անկախ-ի թղթակցին ասաց, որ Սուրբ Զատիկի տոնն իրենց համար յուրօրինակ խորհուրդ է ստացել. առավոտյան գառ են մորթել, գնացել գյուղում վերջերս կառուցված փոքրիկ եկեղեցի, մոմ վառել, այնուհետև  բարեկամներով ու ազգակցականներով իրենց տանը հավաքվել` նշելու որդու վերադարձի առիթով իրենց ուրախությունը: <<Այսօր Արսենիս տրամադրությունը, նախորդող օրերի համեմատ, լավ էր, դեմքին ժպիտ կար>>,-ասաց Սվետլանա Խոջոյանը:

Արսենի մայրը նաև տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը Արսենը կգա Երևան`մեկամսյա գերությունից հետո ստուգման ենթարկելու իր հոգեբանական վիճակը:

Նշենք, որ գյուղի եկեղեցու շինարարությանը օգնել են նաև Արսեն Խոջոյանն ու ավելի վաղ Ադրբեջանում գերեվարված Մամիկոն Խոջոյանը: Ի դեպ, Արսեն և Մամիկոն Խոջոյանները ոչ միայն բարեկամներ են, այլև` հարևաններ: <<Արսենի համար արված մատաղի մսից նաև Մամիկոնին ենք տարել, տվել>>:

Սվետլանա Խոջոյանը ավելացրեց նաև, որ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ամբողջ օրը գրեթե պառկած է լինում, հարազատների օգնությամբ է մի կերպ տեղաշարժվում, ինչը Ադրբեջանում անցկացրած օրերի հետևանքն է:

 

Անկախ

Tags: , , ,