Իրանում 26-ամյա Ռեյհանեհ Ժաբարին մահապատժի է դատապարտվել իրեն բռնաբարել փորձած մարդուն սպանելու համար: 2007 թվականին այն ժամանակ դեռ 19-ամյա Ռեյհանեհը գնացել է ազգային անվտանգության նախկին աշխատակից Մորթեզա Սարբանդիի գրասենյակ, որպեսզի այնտեղ դիզայներական աշխատանք կատարի: Այնուհետև տղամարդը աղջկան իր տուն է կանչել և փորձել բռնաբարել նրան: Ինքնապաշտպանության դիմած Ռեյհանեհը դանակահարելով սպանել է տղամարդուն: Սպանության մեղադրանքով նա 2 ամիս անցկացրել է Թեհրանի բանտում՝ չհանդիպելով ոչ իր փաստաբանի, ոչ էլ ընտանիքի հետ: Արդյունքում դատարանը միանձնյա որոշում է կայացրել՝ աղջկան դատապարտելով մահապատժի: «Հյուրիյեթը» հաղորդում է, որ եթե գործը չվերանայվի, ապա մահապատիժը կիրականացվի առաջիկա օրերին: ՄԱԿ-ը և Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններն արդեն միջամտել են գործին:
