Ադրբեջանցի հայտնի լրագրողին մեղադրում են “Հայաստանի օգտին լրտեսություն” կատարելու մեջ

1Ադրբեջանցի հայտնի լրագրող, ադրբեջանական ռուսալեզու “Զերկալո” թերթի Անկարայի թղթակից Ռաուֆ Միրկադըրովը մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Վերջինս ապրիլի 18-ին ձերբակալվել էր Անկարայում, այնուհետ արտաքսվել Ադրբեջան: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ֆուադ Աղաևը, հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունից փաստաբան Աղաևին տեղեկացրել են, որ լրագրողին  մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով` պետական դավաճանություն, մասնավորապես` “մեղադրանք լրտեսության մեջ”: Լրագրողն այժմ գտնվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հետաքննչական մեկուսարանում:

Փաստաբանը “Թուրան” գործակալությանը տեղեկացրել է, որ ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է “Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու համար”:

Ըստ վերջին տեղեկության` Բաքվի Նասիմի շրջանային դատախազությունը լրագրող Ռաուֆ Միրքադըրովի կալանավորման որոշում է կայացրել:

Միրկադըրովն արդեն երեք տարի է` ընտանիքի հետ միասին բնակվում է Անկարայում: Նա իր հոդվածներում արծարծում է միջազգային թեմաներ և բազմիցս քննադատել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի կառավարության վարած քաղաքականությունը:

 

Tags: ,