Կհրապարակվի 10 բուհերի հավատարմագրման մասին որոշումը

ՈԱԱԿ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի  հավատարմագրման հանձնաժողովն   առաջիկայում որոշում կկայացնի հայաստանյան տասը  բուհերի հավատարմագրման վերաբերյալ:

Հավատարմագրման գործընթացի ամփոփիչ փուլ են հասել ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՊՃՀ-ն, ԵրՃՇՊՀ-ն, ԵՊԼՀ-ն, ԵՊԿ-ն, ՀԱԱՀ-ը, Գլաձոր համալսարանը և Հյուսիսային համալսարանը:

Հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել. hավատարմագրել, պայմանական հավատարմագրել, չհավատարմագրել:

Հավատարմագրումը նշանակում է, որ  բուհը  թույլատրելի նվազագույնից բարձր  որակ է ապահովում: Այս դեպքում բուհը հավատարմագրվում է 6 տարով և հնարավորություն է ստանում խորհրդատվությունների միջոցով էլ ավելի որակյալ գործունեություն ծավալել: Հավատարմագրված բուհերը,  ըստ միջազգային պրակտիկայի,  ամեն տարի պետք է ներքին վերլուծություն կատարեն, իսկ երեք տարի անց` աուդիտ` հասկանալու`  արդյո՞ք բարելավման պլանը ճիշտ ու արդյունավետ են իրականացնում:

Պայմանական հավատարմագրումը նշանակում է, որ խնդիրներ կան և նշված ժամանակահատվածում դրանք պետք է վերացվեն: Եթե խնդիրները շատ են և լուրջ, բուհին հատկացվում է երկու տարի դրանք շտկելու համար: Իսկ ոչ հրատապ լուծում պահանջող խնդիրների դեպքում բուհը պայմանական հավատարմագրում է ստանում չորս տարով:

Պայմանական հավատարմագրման դեպքում բուհը վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում ՈԱԱԿ-ին իր կատարած աշխատանքների մասին:

Մերժման դեպքում բուհը միայն փորձագետների մատնանշած խնդիրները լուծելուց հետո կարող է նորից դիմել հավատարմագրում անցնելու համար:

Հավատարմագրման նպատակն է որոշել թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից  հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

Tags: , ,