Ստամբուլում կանցկացվի եռօրյա միջոցառումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին: Թուրքական «Բիանեթ» կայքի հաղորդմամբ՝ այսօր տեղի կունենա «Բաց դուռ» անունը կրող միջոցառումը, որի ընթացքում Եվրոպայի պատվիրակությունը հանդիպում կունենա հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև սփյուռքի ներկայացուցիչների հետ: Կանցկացվի քննարկում, մտքերի փոխանակում: Ապրիլի 23-ին Ցեղասպանության հետ առերեսման պլատֆորմը Ստամբուլում կանցկացնի «Ցեղասպանության հետ առերեսում» խորագրով ֆորումը: Միջոցառմանը մասնակցելու են հյուրեր ինչպես Թուրքիայից, այնպես էլ հայկական սփյուռքից: 100-ամյակի նախաշեմին քննարկվելու են այն միջոցներն ու ճանապարհները, որոնք կարող են օգնել թուրք հասարակությանը առերեսվել ցեղասպանության իրողությանը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակման պլատֆորմի նախաձեռնությամբ Հայդարփաշայի կայարանի մոտ կհիշեն մահվան ուղարկված հայ մտավորականներին: Այնուհետև Շիշլիի հայկական գերեզմանատանը կհարգեն 2011 թվականի ապրիլի 24-ին բանակային ծառայության ժամանակ սպանված Սևակ Շահին Բալըքչըի հիշատակը: Երեկոյան ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն տեղի կունենա Թաքսիմի հրապարակում:
Tags: թուրքիա, Հայոց ցեղասպանություն
