Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նկարահանվող հոլովակները երիտասարդ սերնդի շրջանում կարթնացնեն արժանապատվության զգացում

Arshak-ZaqaryanՑեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կնկարահանվեն մի շարք ֆիլմ-հոլովակներ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսոր Արշակ Զաքարյանը տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ արդեն երկու տեսահոլովակի սցենար է պատրաստ: Ըստ Արշակ Զաքարյանի` այդ հոլովակները երիտասարդ սերնդի շրջանում կարթնացնեն արժանապատիվ լինելու զգացում:

«Ցանկանում եմ նկարահանել հոլովակների մի ամբողջ շարք, սակայն դեռ երկու հոլովակ ենք նախատեսել: Դրանք «Բոյկոտ» հոլովակի շարունակությունն են և արթնացնում են պահանջատեր լինելու զգացում: Տեսահոլովակները նկարահանվելու են հասարակ մարդկանց ներդրումների շնորհիվ: 350 հազար դրամ արդեն  հավաքվել  է»,- ասաց ռեժիսորը:

Արշակ Զաքարյանը ցավով նշեց, որ այսօր մեր երկիրը լցված է թուրքական ապրանքներով և երգերով: Ռեժիսորը հոլովակների շարքով ցանկանում է երիտասարդ սերնդին ուղերձ հղել: Հոլովակներից մեկում մեր զոհվածների ուրվականներ են զբոսնում, ցույց են տալիս, թե ինչի ենք հասել, հետո հայտնվում են թուրքական ապրանքներ վաճառող խանութների առջև:

Իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանն էլ համոզված է, որ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առկա ձեռքբերումները կապված են Սփյուռքի հետ, և Հայաստանն այնքան էլ ներդրում չունի այս գործընթացում:

«Մենք չենք փորձում Ցեղասպանության ճանաչումը դարձնել համամարդկային խնդիր: Սփյուռքում համայնքները գոնե դրանով պետք է զբաղվեն, փորձեն տվյալ երկրի հասարակության, գիտնականների և բնակչության շրջանում բացատրել, թե ինչ է եղել»,- ընդգծեց Ռուբիկ Մինասյանը` հավելելով, որ տարբեր լեզուներով գոյություն ունի շատ սակավ տեղեկատվություն Ցեղասպանության վերաբերյալ:

Անկախ

Tags: