ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 79-րդ տարում կյանքից հեռացել է Մովսես Խորենացի մեդալակիր, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պատվավոր անդամ, Հայաստանի տպագրական գործի հիմնադրման և զարգացման ասպարեզում մեծ ավանդի տեր Մեխակ Պողոսի Տեր-Սարգսյանը:
Մեխակ Տեր-Սարգսյանը ծնվել է 1935թ. մարտի 17-ին Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում: Տեղի յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի եռամյա պոլիգրաֆիական արհեստագործական ուսումնարանը, այնուհետև աշխատանքի է անցել Երևանի պոլիգրաֆ-կոմբինատում՝ որպես գրաշար-էջադրող:
1957-1958թթ. աշխատել է Թբիլիսիի «Զարյա Վոստոկա» թերթի տպարանում` որպես «Սովետական Վրաստան» թերթի գրաշար-էջադրող: 1958թ․-ին Երևանի N 2 տպարանում եղել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» և «Սովետական Հայաստան» թերթերի գրաշար-էջադրողը: 1958թ․-ին զորակոչվել է խորհրդային բանակ․ երեք տարի ծառայել է Օդեսայի զինվորական օկրուգում, եղել է «Գվարդիական դրոշ» և «Մարտական պոստում» թերթերի խմբագրությունների տպարանի պետը: Զորացրվելուց հետո՝ 1961-1968թթ․ շարունակել է աշխատել N 2 տպարանում` որպես շարվածքային արտադրամասի վարպետ, ավագ վարպետ, արտադրամասի պետ, իսկ տպարանների վերամիավորումից հետո՝ որպես N 1 տպարանի գլխավոր տեխնոլոգ:
1966–1971թթ. աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Մոսկվայի համամիութենական պոլիգրաֆիական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետը՝ ստանալով պոլիգրաֆ արդյունաբերության ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն:
1971-1975թթ․ եղել է Երևանի պետական համալսարանի տպարանի տնօրենը: 1975թ․-ին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության գլխավոր ինժեներ-փոխտնօրեն, իսկ 1984թ․-ին՝ ՀԽՍՀ Հրատպետկոմի պարբերական մամուլի նորաստեղծ բաժնի պետ:
1986–1991թթ. նրա նախաձեռնությամբ ստեղծվել է ԽՍՀՄ տարածքում առաջին և միակ պարբերական արտադրահրատարակչական միավորումը: Մեխակ Տեր-Սարգսյանը աշխատել է որպես այդ միավորման գլխավոր տնօրեն, ապա 1991թ․-ին, միավորման լուծարումից հետո, նշանակվել է Հայհրատպետկոմի N 3 տպարանի տնօրեն: Մասնակի սեփականաշնորհումից հետո տպարանը վերանվանվել է «Ոսկան Երևանցի» տպագրատուն-արտադրահրատարակչական բաց բաժնետիրական ընկերություն:
1994թ․-ից մինչ օրս «Ոսկան Երևանցի» Ա/Հ բաց բաժնետիրական ընկերության տնօրենն էր:
Մ. Տեր-Սարգսյանը Գյուտերի և հայտնությունների գործերով ԽՍՀՄ պետական կոմիտեի կողմից տրված պոլիգրաֆիայի վերաբերյալ երկու գյուտերի, ինչպես նաև մի շարք մասնագիտական, տնտեսագիտական և գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ էր:
Հայաստանի պոլիգրաֆիայի ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, իսկ 2011թ․-ին` Մովսես Խորենացի մեդալով: Նոր Նորք համայնքի պատվավոր քաղաքացի էր:
Մեխակ Տեր-Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 2 /նախկին 105 ա/ շենքում: Հուղարկավորությունը՝ ապրիլի 23-ին, ժամը 14:00-ին:
Tags: մահ