Այսօր ավարտվեց երեկ մեկնարկած «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը: Ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Գիտաժողովի բացմանը խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ-ի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Կովկասում պանթուրքիստական գործակալական ցանցի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» թեմայով հիմնական զեկուցում ներկայացրեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին ՌԴ ԳԱ Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտից: Գիտաժողովին մասնակցեցին մի շարք մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից՝ Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Հունգարիայից, Լեհաստանից և Նորվեգիայից: Գիտաժողովի ընթացքում արժեքավոր և հետաքրքիր զեկույցներ հնչեցին հետևյալ թեմաներով`
• Պատերազմ և ցեղասպանություն
• Ռուս զինվորականները՝ որպես ցեղասպանության վկաներ
• Զինվորական լուսանկարիչները և “մոռացված պատերազմի” Կովկասյան թատերաբեմի կինոժամանակագրությունը
• Պատերազմը և գիտությունը. հնագիտական և ազգագրական հետազոտությունները Հայաստանի տարածքում պատերազմի ընթացքում
• Հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության
• Ռազմագերիների և անհայտ կորածների կարգավիճակը և ճակատագիրը
• Պատերազմը և կամավորական շարժումը
• Մարդասիրական օգնությունը և փախստականները
• Բարեգործությունը Կովկասյան ռազմաճակատում
Մասնավորապես ուշագրավ էին Հայկ Դեմոյանի, Արսեն Ավագյանի, Հարություն Մարությանի, Ռուբինա Փիրումյանի (ԱՄՆ), Մելինե Անումյանի, Վերժինե Սվազյանի, ինչպես նաև ՀՑԹԻ-ի Ռաֆայել Լեմկինի անվան 2014թ. դրամաշնորհային ծրագրի կրթաթոշակառու Սյուզան Ռոսիթա Մեյրեմ Քալայջըի (Իտալիա) զեկույցները: Գիտաժողովի կազմակերպիչները ողջունեցին հատկապես երիտասարդ գիտնականների մասնակցությունը միջոցառմանը և հույս հայտնեցին, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմակողմանի ուսումնասիրությունները կշարունակվեն աշխարհի տարբեր երկրներում:
Գիտաժողովի շրջանակներում ապրիլի 21-ին տեղի ունեցավ նաև «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որտեղ ներկայացված են մինչ օրս անհայտ հարյուրավոր բնօրինակ նմուշներ` ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ և այլ նյութեր, որոնք յուրովի դատապարտում են Օսմանյան կայսրությանը` որպես ցեղասպանություն իրագործած պետության:
Tags: միջազգային գիտաժողով, ցեղասպանություն