ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն ընդունեց և պարգևատրեց ՀՀ-ում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին, որոնք ակտիվ համագործակցում են «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ:
Ողջունելով ներկաներին, Յուրի Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար, ապա՝ հետաքրքրվեց ֆեդերացիաներում առկա խնդիրներով, իրականացվելիք ծրագրերով և պետական կառույցի հետ սերտ համագործակցություն ծավալելու հեռանկարներով:
ՀՀ-ում գործող ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների (Քիք-բոքսինգ, ավանդական ուշու, այկիդո-այկիկայի, կիոկուշին-կան կարատե-դո, մուայթայ ….. և այլն) նախագահները ներկայացրեցին իրենց մարզաձևերում գրանցած հաջողությունները, անցկացրած առաջնությունների, միջազգային սեմինարների և վերապատրաստման դասընթացների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը:
Այնուհետև, խրախուսելով ներկաներին՝ «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ ակտիվ համագործակցելու, Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու, արևելյան մարտարվեստների և մատաղ սերնդի ֆիզիկական պատրաստականության զարգացմանը նպաստելու համար, Յուրի Վարդանյանը ֆեդերացիաների նախագահներին արժանացրեց պարգևների:
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն արժանացավ և համանուն կրծքանշանով պարգևատրվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը;
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով պարգևատրվեցին Հայաստանի Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, Հայաստանի այկիդո-այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը և Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը;
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրեր հանձնվեցին Ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանին, Հայաստանի «Մուայթայ» ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանին, Հայաստանի «Կիոկուշին-Կան Կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին, «Պանկրատյոն» պրոֆեսիոնալ ասոցիացիայի նախագահ Արման Բուդուրյանին, «Արսենալ» սպորտային ասոցիացիայի նախագահ Վարդան Աբգարյանին, «Մարտարվեստների» ասոցիացիայի նախագահ Արտակ Մելիքյանին և «ՀԳՏՖԻ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Արա Սարգսյանին: