Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ավարտեց Ռուսաստան կատարած երկօրյա պաշտոնական այցը և վերադարձավ իր երկիր: Ինչպես տեղեկացրել էինք, Իրանի արտաքին գործերի նախարարը ժամանել էր Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, որպեսզի մասնակցի մերձկասպյան պետությունների ներկայացուցիչների 3-րդ կոնֆերանսին:
Այսօր նա, հանդիպելով լրագրողների հետ, նշել է, որ այցի ընթացքում երկկողմանի հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ: Մուհամմադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել է, որ «Կասպիական հնգյակի» երկրների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կանցկացվի հունիսին՝ Թեհրանում:
«Կարևոր է մեծացնել գործադրվող համատեղ ջանքերը: Կոնֆերանսը ավարտվեց սպասվածից ավելի լավ, մի շարք հակասական հարցերի կարգավորման շուրջը համաձայնություն է ձեռք բերվել: Երեկվա հանդիպումն Աստրախանի գագաթնաժողովի նախապատրաստման առանցքային փուլն էր»,- ասել է Իրանի արտգործնախարարը:
Կասպից ծովի կարգավիճակի մասին բանակցությունները սկսվել էին 1992-ից հետո: Մինչ օրս սահմանների կարգավորման մասին առանձին համաձայնագրեր են ստորագրվել Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, սակայն «Կասպիական հնգյակի» երկրների միջև տարաձայնությունները չեն վերացել:
Բանակցությունները բարդացնում են կենսառեսուրսների հասանելիության ու ընդերքով խողովակաշարերի անցկացման խնդիրները:
