«Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր 2005 թվականից հետո միայն թույլ տրվեց սրահներում, կոնֆերանսներում խոսել Հայոց ցեղասպանության մասին ցանկացած տեսանկյունից: Հրանտ Դինքի սպանությունը ունեցավ բեկումնային նշանակություն: Նրա սպանությունը ոտքի կանգնեցրեց Թուրքիայի ծպտյալ և ոչ ծպտյալ հայերին, քրդերին և շատ քիչ թուրքերի. Ստամբուլի Թաքսիմ հրապարակում առաջին անգամ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
Ըստ թուրքագետի` քրդերը միջազգային հանրության առջև փորձելով տարանջատել իրենց այդ գազանության հեղինակներից, ներողություն խնդրեցին հայերից իրենց պապերի կատարած ոճրագործության համար, անվանելով այն ցեղասպանություն: Դիարբերքիրի նախկին քաղաքապետն անգամ հայտարարում էր, որ քրդերը պատրաստակամ են հանձնելու տները այն հայերի ժառանգներին, ովքեր այդ իրադարձությունների պատճառով լքեցին իրենց բնակավայրերը: Հայ-քրդական հարաբերությունները հիմնականում հիմնվում են «ընդհանուր թշնամի» սկզբունքի վրա: Դեռ պարզ չէ, թե ինչ կկատարվի, եթե հայերի պահանջատիրության հարցը դրվի այն հողերի նկատմամբ, որտեղ այժմ ապրում են քրդերը:
Չնայած վերջին շրջանում առանձին այլախոհների կատարած հայտարարություններին, թուրքական հասարակությունը չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանություն նկատմամբ, որը նրանց կողմից շարունակում է կոչվել «1915 թվականի իրադարձություններ»: «Թուրքական հասարակության կողմից ցեղասպանությունը ընդունելու մասին խոսելը դեռ վաղ է: Քուրդ առաջնորդները փոխել են իրենց դիրքորոշումը, այդ պատճառով էլ փոխվել է նաև քրդերի դիրքորոշումը, սակայն թուրքական իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը և քարոզում են իրենց գաղափարները հեռուստատեսությամբ, որի նկատմամբ մեծ հավատ ունի թուրք ժողովուրդը», – նշեց Անդրանիկ Իսպիրյանը
Թուրքագետը հավելեց նաև, որ խիստ անհավանական է համարում ապրիլքսանչորսյան ավանդական ճառի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից ցեղասպանություն բառի գործածումը:
Tags: Անդրանիկ Իսպիրյանը, թուրքիա, Հայոց ցեղասպանություն
