85-ամյա իտալական դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտան որոշել է աճուրդում վաճառել 74,53 կառատանոց դեղին ադամանդը: Թանկարժեք զարդը նախկինում պատկանում էր պարսից Ահմեդ Քաջար շահին, որը ղեկավարում էր 1909-1925 թվերին: Ադամանդն աճուրդում վաճառվեց 2,985 միլիոն դոլարով, հաղորդում է Reuters-ը:
Ժնևում կայացած Sotheby’s-ի աճուրդի պատասխանատուները հայտնել են, որը քարը դեղին ադամանդների մեջ ռեկորդ է սահմանել` նմանատիպ թանկարժեք զարդերից դեռ ոչ մեկը նման բարձր գնով չէր վաճառվել:
Փորձագետները հաշվել են , որ այդ ադամանդի ամեն մի կարատը կազմել է 40 հազար դոլար: Sotheby’s-ի ներկայացուցիչները աճուրդից կրկնակի քիչ գումար էին ակնկալում: Թե ով է դարձել այդ եզակի ադամանդի տերը, չի հաղորդվում:
Բացի այդ դեղին ադամանդից, դերասանուհին որոշել է բաժանվել իր մարգարտյա ականջօղերից, որոնք պատրաստել էր Bulgari ոսկերչական տունը: Դրանք նույնպես ռեկորդ են սահմանել` վաճառվելով 2,39 միլիոն դոլարով: Զարդի սկզբնական արժեքը մի փոքր բարձր էր 600 հազար դոլարից, այն տիրանալու համար պայքարում էին ութ գնորդներ:
Ջինա Լոլոբրիջիտան իր զարդերը որոշել է վաճառել բարի նպատակներից ելնելով: Ստացած գումարը դերասանուհին նպատակ ունի ներդնել Իտալիայում կառուցվող հիվանդանոցների շինարարության մեջ, որտեղ բուժումը կկատարվի ցողունային բջիջների միջոցով: Մայիսի 14-ի աճուրդում վաճառքից ստացված ընդհանուր գումարը կազմել է 78 միլիոն դոլար:
Tags: իտալիա, ջինա լոլոբրիջիտա