Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը նշանակվել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդական: Այս մասին NEWS.am-ին հայտնել են նրա հարազատները: «Արդեն մի քանի օր է՝ աշխատում է Պաշտպանության նախարարությունում»,- ասացին նրանք:
Նշենք, որ Արմեն Սարգսյանը լրագրող Տիգրան Նաղդալյանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, իսկ 2008թ.-ին բանտից դուրս գալուց հետո ոչ մի տեղ չէր աշխատում:
Ավելի վաղ Երկրապահ կամավորների միության 10-րդ հոբելյանական համագումարին Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երբեմն հանդիպում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Երբեմն պատահաբար հանդիպում ենք, ինձ թույլ չեմ տալիս քաղաքական հարցեր տալ, հարցնում եմ իրենից, իր ընտանիքից: Երկրի վիճակը, որպես քաղաքացի, գնահատում եմ միջակ: Չեմ կարծում, որ եթե ուզենամ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, նա ինձ կմերժի: Սովորական կենցաղային հարցերից ենք խոսում, քաղաքական հարցեր չեմ տալիս, որպես իմ եղբոր ընկեր եւ իմ բարեկամ, իսկ քաղաքական հարցերը թող կուսակցությունները տան: Մենք անցած ճանապարհ ունենք Սերժ Սարգսյանի հետ 1988թ-ից սկսած»,- ասել էր նա:
Tags: ՊՆ, Վազգեն Սարգսյան