Իմ ցավակցություններն եմ հայտնում 20-րդ դարասկզբին զոհված հայերի թոռներին. Թայիփ Էրդողան

Էրդողան   Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակվել է Թայիփ Էրդողանի ուղերձը՝ նվիրված ապրիլի 24-ին: «Անհերքելի է, որ Օսմանյան կայսրության վերջին տարիներն,  առանց կրոնական և էթնիկական տարբերության,  թուրքերի, քրդերի, արաբների, հայերի և օսմանյան մյուս քաղաքացիների համար վշտերով լի, դժվար մի ժամանակաշրջան էին: Որպես Օսմանյան կայսրության քաղաքացիներ՝ այդ շրջանում հայերի ապրած ցավն ու հիշողությունները հասկանալն ու կիսելը մարդկային մի պարտականություն է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը մեր համընդհանուր ցավն են: Ցանկանում եմ, որ հանգստության մեջ հանգչեն 20-րդ դարասկզբին առկա պայմաններին զոհ գնացած հայերը, իմ ցավակցություններն եմ հայտնում նրանց թոռներին»,-ասված է ուղերձում:

Վարչապետ Էրդողանը կրկնել է 1915 թվականի դեպքերը գիտական մակարդակով ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողով կազմավորելու Թուրքիայի կոչը: Նրա խոսքերով՝ հայ, թուրք և միջազգային պատմաբանների համատեղ աշխատանքները «լույս կսփռեն 1915 թվականի դեպքերի վրա և կարևոր դեր կխաղան պատմությունը ճիշտ հասկանալու գործում»: Էրդողանը նաև նշել է, որ թուրքական արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար և այնտեղ գտնվող հարյուրավոր փաստաթղթերը բոլոր պատմաբանների տրամադրության տակ են:

Նշենք, որ Էրդողանի ուղերձը թարգմանվել է աշխարհի 9 լեզուներով, այդ թվում նաև արևմտահայերեն:

Հ.Գ.
Էրդողանի հայտարարությունը, ենթադրաբար, Թուրքիայի «փափուկ» ժխտողական քաղաքականության շրջանակներում է արվել: Կամ գուցե ժխտողական քաղաքականության նոր ուղղության վկայությունն է: Թեմային առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնանք:

Անկախ

Tags: , ,