ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Էլիոթ Էնգելն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեև իրենց հանձնաժողովում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ են ընդգրկված, սակայն Հայոց ցեղասպանության հարցում բոլորը միասնական են:
«Բազմիցս բանաձևեր են ընդունվել, ամերիկյան ժողովուրդը ճանաչում է այս ցեղասպանությունը, և կարծում եմ՝ Թուրքիան ևս պետք է ընդունի այս փաստը»,- ասաց նա:
ԱՄՆ կոնգրեսականը շեշտեց, որ ԱՄՆ-ում կա ակտիվ ու կենսունակ ամերիկահայ համայնք, և ամերիկահայերը պարբերաբար բարձրաձայնում են խնդրի մասին: Էլիոթ Էնգելը նշեց, որ իրենք այսօր Հայաստանում են որպես բարեկամ` հայ ժողովրդին իրենց զորակցությունը ու համերաշխությունը հայտնելու:
«Եթե նայում ենք դեպի առաջ, դեպի ապագա, պետք է նաև ընդունենք անցյալի փաստերը, այս ցեղասպանության փաստը չենք կարող չընդունել»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը:
Tags: ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն