ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի ճգնաժամը լուծելու շրջանակներում Ժնևյան համաձայնագրի պայմանավորվածությունները չկատարելու մեջ և սպառնացել է, որ նոր պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին գրում է Los Angeles Times-ը: Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարություն կատարել է Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
ԱՄՆ-ի նախագահի կարծիքով ռուսական կառավարության վարքագիծը «չի համապատասխանում Ժնևյան համաձայնագրի ոգուն»:
Թե հատկապես ինչպես է Ռուսաստանը խախտել համաձայնությունը, Օբաման չի մասնավորեցրել: Միակ բանը, որ նշել է նախագահն, այն է, որ Ռուսաստանը հեշտությամբ կարող էր օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի կոչ աներ Ուկրաինայի հարավում հավաքված զորքերին զինաթափվել :
Նախագահը նաև նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանը չփոխի իր դիրքորոշումը ուկրաինական հարցի նկատմամբ, ապա ԱՄՆ-ի կողմից կկիրառվեն նոր պատժամիջոցներ: Նրա խոսքով` ԱՄՆ-ը կշարունակի ջանք թափել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման համար:
Մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի վարչապետը ևս հայտարարել է, որ «Տոկիոն և Վաշինգտոնն անընդունելի են համարում զենքի կիրառումը Ուկրաինայում կարգավիճակի փոփոխության համար»: Բացի այդ, երկու երկրների առաջնորդներն ընդգծել են Ուկրաինային օգնություն տրամադրելու նշանակությունը:
Tags: Բարաք Օբամա, Ուկրաինա, ռուսաստան