Ադրբեջանի գրողների միությունում (ԱԳՄ) Թուրքիայի գրողների միության, “Երիտասարդների գիտական հետազոտությունների աջակցություն” հասարակական միության և ԱԳՄ-ի աջակցությամբ այսօր սկսվել է “Հայկական հարցը Ադրբեջանի և Թուրքիայի ժամանակակից գրականությունում” խորագրով միջազգային գիտաժողով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ԱԳՄ-ի քարտուղար Արիֆ Ամրահօղլուն, ելույթով հանդես գալով և ադրբեջանաթուրքական քաղաքական թեզը առաջ տանելով, նշել է, որ “անհրաժեշտ է ապացուցել` ողջ պատմության ընթացքում հայկական գրականությունը զարգացել է ադրբեջանական և թուրքական գրականության ազդեցության ներքո”:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշհունն ընդգծել է, որ “պատմական փաստերը” պետք է հասարակության ուշադրությանը ներկայացնել ոչ միայն գրականության, այլև այլ միջոցներով: “Այսօր մենք ականատեսն ենք նրան, որ “Հայաստանը և Սփյուռքը զբաղված են պատմական փաստերի կեղծարարությամբ: Ո՛չ քաղաքականությունում, ո՛չ մեր գրականությունում հայերի նկատմամբ ատելություն չի եղել: Մենք պետք է գրականությունում ներկայացնենք պատմական իրողությունները”,- գիտաժողովին հայտարարել է թուրք դիվանագետը:
Tags: ադրբեջան, թուրքիա, կեղծարարություն