Թուրքական «Son dakika» կայքը, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ 1915 թվականի վերաբերյալ երեկվա հայտարարությանը, արձանագրել է ուղերձում առկա «10 կետ», որոնք աննախադեպ են համարվում երկրի պատմության մեջ: Ստորև ներկայացնում ենք այդ կետերը.
- Թուրքիան առաջին անգամ 1915 թվականի վերաբերյալ ուղիղ կերպով «արևելահայերեն և արևմտահայերեն» դիմեց իր հայ քաղաքացիներին և բոլոր հայերին:
- Առաջին անգամ «ցավակցություն» հղվեց 1915 թվականին զոհված հայերի և բոլոր օսմանցի քաղաքացիների թոռներին:
- Առաջին անգամ արված ուղերձը «պաշտպանվելու» կամ «պատասխան տալու» նպատակ չէր հետապնդում, այլ ուղղված էր «համընդհանուր ցավը միասին հիշելուն և ապագան համատեղ կառուցելուն»:
- Առաջին անգամ մարդկային ցավերը, որոնց խորհրդանիշը ապրիլի 24-ն է, համարվեցին «համընդհանուր ցավ»՝ ցույց տալով «բարձր ինքնավստահություն»:
- Առաջին անգամ 1915 թվականի «դեպքերը» առիթ ծառայեցին ոչ թե առճակատման, այլ «բարեկամության» կոչի համար:
- Առաջին անգամ «կրակը ընկած տեղն է այրում» արտահայտությամբ հայության ցավեր «կիսելու» ցանկություն հնչեց:
- Առաջին անգամ հայերի ցավի հիշատակումը ճանաչվեց որպես «մարդկության պարտականություն»:
- Առաջին անգամ ոչ թե «քաղաքական» կամ «դիվանագիտական» մոտեցում ցուցաբերվեց, այլ խոսեց «խիղճը»:
- Առաջին անգամ կիրառվեցին «արդար հիշողություն, մարդկության պարտականություն, համընդհանուր ցավ, միասնական ապագա և արժեքներ» արտահայտությունները:
- Առաջին անգամ կապ հաստատելու կոչ արվեց:
