Ապրիլի 24-ին լրացավ Հայոց եղեռնի 99-րդ տարին: Ամենատարբեր բնագավառներ ներկայացնող զոհերի թվում եղել են նաև բազմաթիվ հայ մարզիկներ: Այս մասին հիշեցնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը.
«Նշենք Շավարշ Քրիսյանի անունը: Նա համահայկական խաղերի նախագծի, «Հոմենըթմեն» մարզակումբի և ֆուտբոլի լիգայի ստեղծման հեղինակներից մեկը: Քրիսյանը հիրավի հայկական սպորտի ականավոր գործիչ է, մարզիչ, մարզիկ, հայկական առաջին ֆուտբոլի «Բալտալիման» ակումբի հիմնադիրը:
Քրիսյանը եղել է մեծ մանկավարժ , գրող , հրապարակախոս , լրագրող , օսմանյան կայսրությունում մարզական առաջին ` «Մարմնամարզ» հանդեսի հիմնադիրը: Հենց մեծ հայորդու ջանքերով պատմության մեջ առաջին անգամ Թուրքիան պատվիրակություն գործուղեց օլիմպիական խաղեր : Դա 1912 թ. Ստոկհոլմում տեղի ունեցած 5 –րդ համաշխարհային մարզահանդեսն էր: Օսմանյան պետությունը գումար չհատկացրեց և գործուղման հետ կապված ամբողջ ծախսը իր վրա վերցրեց հայկական համայնքը :
Շ. Քրիսյանը այն ժամանակ ասել է որ, դեռևս Թուրքիայի ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել մարզական որևէ միջոցառման : Թող մերոնք Շվեդիայում վերջինը լինեն: Կարևորն այն է , որ մեծ ազգերի հետ ասպարեզ մտնեն հայերը , ովքեր շուրջ 30 տարի Եվրոպայում հայտնի են որպես հալածված ազգ : Ժամանակն է, որ արդեն հակառակն ասեն և որ քաղաքակիրթ աշխարհն իմանա , ճանաչի մեզ և մեր նվաճումները :
Ստոկհոլմի խաղերին մասնակցած 28 երկրների 2541 մարզիկների թվում եղել են Թուրքիան ներկայացնող երկու մարզիկներ ` Մկրտիչ Մկրյանը և Վահրամ Փափազյանը: Հետաքրքիր մի փաստ է արձանագրվել: 1909 թ. Կիլիկիայում թուրքերի կազմակերպած հայերի ջարդի պատճառով շվեդները մասնակից երկրների դրոշների շարքում դիտավորյալ չեն կախել օսմաններինը : Այս մասին չեն իմացել հայ մարզիկները, որոնք բողոքել են ու կազմակերպիչները տեղադրել են Թուրքիայի դրոշը : Մեր հայրենակիցներն այնուհետև զղջացել են իրենց արածի համար : 1500 մ վազքում , 50 մարզիկների պայքարում Մկրյանը ճանաչվել է 5 –րդը : Իսկ Փափազյանի մասին ճիշտ կլինի ներկայացնել հենց նրա թոռան պատմածը: Պապիկը բազմիցս պատմել է, որ, վերջնագծի մատույցներում ինքը (պոլսահայ Փափազյանը) գրեթե 20 մետր առաջ է պոկված եղել մրցակիցներից ու կարող էր հեշտությամբ առաջինը հատել եզրագիծը և նվաճել չեմպիոնի կոչումը : Բայց գնահատելով այն հանգամանքը , որ իր հաղթանակի առթիվ պետք է ծածանվի Թուրքիայի դրոշը, ուստի Փափազյանը միանգամից դանդաղեցրել է վազքը ու գիտակցաբար հայտնվել ետնապահների թվում :
Ինչ վերաբերում է օսմանյան կայսրությունում սպորտի մեծ ջատագով Շավարշ Քրիսյանին, ասենք, որ 1915-ի օգոստոսի 15-ին թուրքերը նրան հանել են բերդից, տարել Անկարայից դուրս ու … գնդակահարել: Այսպես են երախտամոռ օսմանները վարձահատույց եղել 29-ամյա հայ ականավոր գործչին»: