Կյանքից հեռացել է ամերիակահայ դաշնակահար Լյուսի Իշխանյանը

LucyՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 80-րդ տարում վախճանվել է ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ Լյուսի Իշխանյանը։

Լյուսի Իշխանյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր,  «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության անդամ։ Դաշնակահարը սովորել է «Ջուլիարդում» /ԱՄՆ/՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան, ապա ուսումը շարունակել Կոլումբիայի համալսարանում:

Լյուսի Իշխանյանը եղել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի սանը: Կոմպոզիտորը Իշխանյանին բնորոշել է որպես տաղանդաշատ արտիստի՝ օժտված փայլուն տեխնիկական տվյալներով և միաժամանակ երաժշտական զգացողության խորությամբ: Լ․ Իշխանյանը եղել է Արամ Խաչատրյանի դաշնամուրի սոնատի առաջին կատարողը /Նյու Յորքի «Էվերի Ֆիշեր Հոլլ» համերգասրահ/:

Լ. Իշխանյանն իր յուրաքանչյուր համերգում մշտապես ներառել է առնվազն մեկ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն:

1991թ-ին Լյուսի Իշխանյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհալի դաշնակահարների համար սահմանանել է հատուկ կրթաթոշակ: Նա նաև աջակցել է Ջուլիարդի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև համագործակցությանը: 1992թ-ին Լ․Իշխանյանը Ջուլիարդում հիմնել է հատուկ կրթաթոշակային հիմնադրամ, որն աջակցել է երևանյան կոնսերվատորիայից Ջուլիարդում ուսանելու տեղափոխված ուսանողներին:

Tags: