Իրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին պաշտոնական այցով ժամանել է Հարավային Կորեա: Այսօր նա հանդիպել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակ Քանգ Չանգի հետ: Այս մասին հայտնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Քանգ Չանգը հանդիպման ժամանակ ասել է, որ Սեուլը պատրաստ է ընդլայնել կապերը Թեհրանի հետ:
«Իրանը տարածաշրջանի երկրներից ամենաառաջատարն է: Այն ունի հարուստ հանքային պաշարներ: Իրաքի, Աֆղանստանի, Սիրայի համեմատությամբ` Իրանը տարածաշրջանում ամենից անվտանգ երկիրն է»,-ընդգծել է Քանգ Չանգը:
Բորուջերդին, իր հերթին կարևորել է, որ երկու երկների միջև զարգացվեն արդյունաբերական կապերը: Նա նաև ցավակցել է գործընկերոջը` Հարավային Կորեայում կատարված վերջին աղետալի դեպքի կապակցությամբ: Հարավկորեական «Սևոլ» լաստանավն ապրիլի 16-ի առավոտյան թերակղզու հարավարևմտյան ափերի շրջանում վթարի էր ենթարկվել: Նավի վրա եղել էր 476 մարդ, այդ թվում` ուղևորներն ու անձնակազմի անդամները: Ուղևորներից շատերը բարձր դասարաններում սովորող դպրոցականներ էին: Փրկվել է 174 մարդ, 233-ի ճակատագիրն անհայտ է, նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա:
Tags: «Սևոլ» նավ, Հարավային Կորեա